13/04/2016 20:19
Կարծում եմ` այդ օրերի իմ կատարած աշխատանքով ավելի մեծ օգուտ տվեցի հայրենիքիս, քան եթե մեկնեի Արցախ. Գագիկ Սուրենյան
Երկրի սահմաններն ու ժողովրդի անդորրը խաթարող քառօրյա պատերազմական գործողությունները, որոնք սկսվել էին ապրիլի 1 լույս 2-ի գիշերը, վերջին 2-3 օրերին վերլուծվում ու գնահատվում են: Իրավիճակի մասին տարբեր եզրակացություններ են անում բոլորը՝ զինվորական, բժիշկ, քաղաքագետ, տնտեսագետ, գրող ու հրապարակախոս… « Պատերազմի գնահատականը թողնենք մասնագետներին, իսկ ոչ մասնագետները պատերազմը չեն գնահատում, պատերազմը սեփական մաշկի վրա բաց, արնածոր վերքի նման զգում են: Պատերազմը ամենաանցանկալի արհավիրքներից մեկն է աշխարհում: Միայն ասեմ, որ շատ հպարտ եմ, որ հայկական բանակը պատվով ու փառքով դուրս եկավ այս չհայտարարված պատերազմից ևս` չզիջելով ոչ մի թիզ հող: Թեև, այն մեզ տրվեց մեր քաջարի զինվորների արյան գնով: Հազար ափսոս մեր տղաներին»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հայկական համախմբվածությունը նրան չի զարմացրել, բայց հիացրել է, ոգևորել, հավատ ներշնչել. «Հայը կարողանում է համախմբվել, երբ իր հայրենիքին ու ազգին վտանգ է սպառնում: Հայը բռունցքվում է ոսոխի դեմ: Դա է ցույց տվել մեր պատմությունն ու ներկան: Հավատի ու համախմբվելու շնորհիվ է, որ ունենալով ներքին ու արտաքին թշնամիներ՝ աշխարհում կարողացել ենք պահպանել մեր հավատը, մի կտոր հայրենիքը, մեր մաշտոցյան այբուբենը, մշակույթը, կուլտուրան, ավանդությունները, մեր գիր-գրականությունը, ճարտարապետությունը: Աշխարհին տվել ու տալիս ենք այնպիսի մեծություններ, որ այլ խոշոր պետություններ կերազեին… Ամենամեծ զավեշտն ազերների համարձակությունն էր, որ որոշեցին կրկին ստուգել հայի զգոնությունը, ուժը, հայրենասիրությունը, մեր ազգային բանակի՝ մի թիզ հող անգամ չզիջելու պատրաստակամությունը: Քիչ առաջ զրուցում էի հայ երգի կենդանի լեգենդ Օֆելյա Համբարձումյանի հետ: Երկար խոսեցենք հայի ճակատագրից, այն մասին, թե ինչու չեն թողնում, որ հայը հանգիստ ապրի իր հողի վրա: Երբ ես մտահոգություն հայտնեցի հայի ու մեր հայրենիքի հետագայի մասին՝ երգչուհին ասաց. «Կոմիտաս երգող ազգը անմահ է նրա երգերի պես, հայը անհաղթելի է: Այդ անհաղթելի ուժը, երաժշտության ձևով նույնիսկ ելևէջում է մեր հերոսների աճյուններից»»,-իր խոսքին հավելելով՝ մեջբերեց Գ. Սուրենյանը:
Տարբեր ոլորտներից հայտնի մարդիկ այս օրերին Արցախ են մեկնում՝ օգնելու, աջակցելու, երբեմն նաև նկարվելու ու իրենց նկարները համացանցում հրապարակելու ակնկալիքով: Թե ինչպե՞ս է, որ այս հոսքին չի խառնվել նաև հայտնի օթերևութաբանը հարցին՝ պատասխանեց. «Ինչո՞ւ Արցախ չեմ մեկնել... Գիտեք, ամեն մեկը պետք է իր գործն անի: Ամենաարդյունավետը, կարծում եմ, դա է: Պատերազմական օրերի ընթացքում ես իմ պրոֆեսիոնալ գործն էի անում, որ պակաս կարևոր չէր պետության համար: Կարծում եմ, այդ օրերի իմ կատարած աշխատանքով ավելի մեծ օգուտ տվեցի հայրենիքիս, քան, եթե մեկնեի Արցախ»:
Թեև Գ. Սուրենյանը երբեք չի զլացել պատասխանել իրեն ուղղված նամակներին, սակայն ապրիլ ամսի առաջին 10-օրյակում ստացած նամակների թիվը գերակշռել է մինչ այս ստացածներին: «Իրականում, շատ նամակներ էի ստանում: Պարզ է,որ պատերազմ էր, ու ողջ հայությությունը դուրս էր եկել իր բնականոն ուղեծրից: Մարդիկ, մտահոգ ծնողներն ու հարազատները հարցնում էին սահմանին սպասվող եղանակային կանխատեսումների մասին: Անհանգստանում էին` տաք է, թե ցուրտ, անձրև է, թե ձյուն, ինչպիսին է ճանապարհների վիճակը, անանցանելի ճանապարհներ չկա՞ն… Դա հասկանալի է, որովհետև այդ օրերին շատերն էին տրանսպորտով մեկնում Արցախ՝ գտնվելու զինվորների, իրենց որդիների կողքին: Աշխատել եմ հնարավորինս պարզաբանումներ տալ եղանակի տեսության մասին; Պատասխանել եմ սիրով ու պատրաստակամությամբ: Ի տարբերություն նախորդ օրերի, զավեշտալի նամակ չեմ ստացել; Ժողովուրդը այդ օրերին ծայրաստիճան մտահոգ ու լուրջ էր տրամադրված»:
«Այն, ինչ առաջնահերթ պետք է մաղթել զինվորին, մեր դեպքում կարծես հարկավոր չէ, կարիք չկա. դա ազգային գենետիկ ՈԳԻՆ է, որը մեր արյան մեջ է, և Հայոց պատմության մեջ ոգին միշտ եղել է մեր հաղթանակների համար առաջին գրավականը: Հայ պատանիների` 18-20 տարեկան զինվորների ամուր ոգին այս անգամ կրկին զարմացրեց միջազգային հանրությանը և ապացուցեց, որ պատերազմելով հնարավոր չէ հաղթել հայերին; Հայ զինվորներին մաղթում եմ խաղաղություն, կապույտ երկինք, բարի ծառայություն և տունդարձ: Տանը նրանց սպասում են սիրասուն ծնողները, հարազատները, ընկերները, սիրած աղջիկները, շատերի պստիկ բալիկները; Ոչ մի զիվոր այլևս չհասնի ազերիների մարդկային մսաղացի բերանին: Ողջություն, բոլոր վիրավորներին՝ առողջություն, անմեղ նահատակ հերոս զինվորների հարազատներին՝ համբերություն, ուժ, կորով, եռանդ՝ դիմանալու իրենց պատուհասած ողբերգությանը: Ցավում եմ բոլորի համար անուն առ անուն; Աստված պահապան մեր բոլոր զինվորներին»,-թեև հպարտությամբ, բայց ցավով խոսքը եզրափակեց օթերևութաբանը: