13/04/2016 16:40
Եթե երկրում որևէ բան չփոխվի, շարունակվի նախկինի պես, շատ մեծ հիասթափություն կապրեն մարդիկ. Ռուբեն Բաբայան
Քառօրյա պատերազմական գործողություններից հետո, կարծեք, թե զինադադար է հայտարարվել, բայց թե այն որքանով է ծառայում իր բուն էությանը՝ դժվար է ասել: Հատկապես, որ խաղաղությունը բոլորովին շոշափելի չէ: «Կարծում եմ, հարցը մինչև վերջնական լուծում չստանա, զինադադարը մշտապես խախտվելու վտանգի առաջ է հայտնվելու: Սակայն չեմ կարծում, որ այս հարցը վերջնական լուծում կստանա մոտ ժամանակներում: Այնպես որ, պետք է միշտ պատրաստ լինել, որ հակառակորդը կարող է խախտել այդ հրադադարը»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ բեմադրիչ Ռուբեն Բաբայանը:
Մեր զրուցակցի խոսքերով՝ այլև հնարավոր չէ ապրել այնպես, ինչպես ապրում էինք մինչև ապրիլի 1-ը: Այս 10-12 օրերի ընթացքում շատ բան է փոխվել. «Ամուր բանակը դա ամուր պետությունն է՝ իր բոլոր օղակներով: Այս օրերին արձանագրեցինք, որ մեր ժողվուրդը պատրաստ է պաշտպանել իր հողը, իր քաղաքացիների կյանքը՝ ընդ որում, ինքնուրույն՝ առանց հույս կապելու որևէ գերտերության կամ հովանավորի հետ: Սա ամենամեծ ձեռքբերումն է, մեկտեղ՝ դասը, որը մենք ստացանք: Այժմ մնում է այս դասից ճիշտ եզրակցություն անել: Այս համախմբման էներգիան, որը կա ժողովրդի մեջ, պետք է ուղղել դեպի պետություն կառուցելը: Բոլոր դեպքերում և ամեն ինչի հիմքում ամուր տնտեսությունն է: Խոսքերը, թե մենք կարող ենք զարգացնել մեր երկրի այս կամ այն ճյուղը՝ բոլորովին իրենց չեն արդարացնում, քանի որ ուշադրություն չենք դարձնում մյուս կարևոր ճյուղերի վրա: Այլևս իրավունք չունենք վերաբերել նախկինի պես, այդքան զոհ տալու իրավունք չունենք: Դրա համար մեր բանակը պետք է շատ արդիական լինի իր տեխնիկական զինվածությամբ, այս հարցում խնայելու տեղ չունենք: Ներսում, մեր հարաբերություններում էլ շատ բան ունենք փոխելու: Սա բոլորիս պատերազմն է, բոլորիս պարտականությունն է այս երկիրը պաշտպանելը: Մենք այլևս իրավունք չունենք այս երկրում ապրել մեկս մյուսի հաշվին, պետք է ապրենք բոլորս միասին»:
Յուրաքանչյուր պատերազմ՝ տևի մեկ օր, թե մեկ տարի, ջրի երես է հանում հակառակորդների բանակների, ազգամիջյան համախմբվածության կամ պառակտվածության իրական պատկերը, թերություններն ու առավելությունները: Փոխում է անգամ մարդկանց հոգեբանությունը: «Ամենակարևորն, իսկապես, այն է, թե ինչ դասեր ես դու քաղում՝ լինի դա պարտությունից, թե հաղթանակից: Նրանք, ովքեր դասեր չեն քաղում ու մեկտեղ շարունակում են պնդել՝ վայ, մեզ թույլ չտվեցին, որ հասնենք Բաքու, կարծում եմ՝ ամենամեծ վնասն են հասցնում: Իրականում, պետք է սթափ վերլուծել մեր բոլոր թույլ և ուժեղ կողմերը. ուժեղ կողմերը՝ շարունակել զարգացնել, թույլ կողմերն էլ՝ փորձել հնարավորինս շուտ վերացնել: Այս հարցը արագ լուծվող չէ, մեզ լուրջ ու հետևողական պայքար է սպասվում, ամպագորգոռ հայտարարությունների ժամանակը վաղուց արդեն անցել է… Ինչ վերաբերում է մարդկանց, ժողովրդի հոգեբանությանը, ապա կարծում եմ, որ արդեն իսկ նկատելի է. մենք հաճախակի օրինակ էինք բերում 88 թվականի ազգային զարթոնքը, ժողովրդի համախմբումը, իսկ այն, ինչ կատարվեց այս 4 օրվա ընթացքում՝ իր ուժով, իր ներքին հավատով ավելի բարձր էր: Մեր ժողովուրդը փոխվել է դեպի լավը, այլևս չենք աղերսում, չենք խնդրում, որ մեզ պաշտպանեն: Հասկանում ենք, որ մեր պաշտպանությունը մեր ձեռքում է: Նույնիսկ իրար քարոզելու, համոզելու անհրաժեշտություն, կարիք չզգացինք այս օրերին: Ամեն մեկը հասկացավ, որ իրենից է կախված երկրի պաշտպանությունը»,-նկատեց Ռ. Բաբայանը:
Բայց կա նաև ամենակարևորը՝ չկորցնել ու ճիշտ օգտագործել ձեռք բերվածը. «Այս հոյակապ էներգիան, որը կուտակվեց ու արտահայտվեց, անհրաժեշտ է, որ պահպանվի: Եթե երկրում որևէ բան չփոխվի, շարունակվի նախկինի պես՝ շատ մեծ հիասթափություն կապրեն մարդիկ: Այդ դեպքում արտագաղթը կարող է առավել մեծանալ: Այս պահը պետք է օգտագործել, իսկապես, շատ բան կարող ենք անել, երբ համախմբված ենք: Ամենակարևոր գաղափաը, որը պետք է կյանքի կոչենք՝ ամուր պետություն կառուցելն է, որը կզբաղվի իր քաղաքացիների և՛ պաշտպանությամբ, և՛ առօրյա կյանքով: Որին բոլոր հարցերում՝ իրավական, տնտեսական, ռազմական, կվստահեն իր քաղաքացիները: Ժամանակն արագ է գնում, ոչ մի րոպե չի կարելի հապաղել»:
Ժամանակն է, որ երկրի ներսում համախմբված հայրենակիցներին դրսում ապրող հայերը ոչ միայն խորհրդով, այլև իրենց ներկայությամբ քաջալերեն: Համախմբվեն ոչ թե Ամերիկայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Գերմանիայում և այլուր, այլ բոլորը մեկտեղ՝ Հայաստանում՝ մեկ բռունցք դառնալու ու թշնամուն քշելու միտումով: «Մի քիչ ռոմանտիկ ցանկություն է այն, որ բոլորը հիմա գան Հայաստան: Բայց երկիր կառուցելու տեսակետից օգուտ բերել Հայաստանին՝ կարծում եմ, սփյուռքը կարող է ու պետք է անի: Այսօր դա ամենաարդիական հարցն է: Իհարկե, ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր խնդիր է, բայց ոչ պակաս կարևոր խնդիր է այս հողակտորի վրա Հայաստան պետություն կայացնելը: Այն երկրների իշխանության վրա, որտեղ բնակվում են, սփյուռքը պետք է ազդեցություն ունենա՝ աջակցել Հայաստանին, ճանաչել Հայաստանի իրավունքները: Պետք է օգնեն զարգացնել տնտեսությունը, կարողանան միջազգային ատյաններում պաշտպանել Հայաստանի շահերը: Շատ մեր գործ կա անելու… Ընդհանրապես, ես չեմ սիրում, որ սփյուռքից մեզ խորհուրդ են տալիս, կամ էլ մենք ենք խորհուրդ տալիս իրենց այստեղից, այդ պատճառով պետք է ասեմ, որ իմ կոչը ոչ այնքան խորհուրդ է, որքան ցանկություն՝ միասնական ճակատով հանդես գալու»,- պարզաբանեց Ռ. Բաբայանը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը Aysor.am-ի հետ զրույցի վերջում խոսքն ուղղեց մեր զինվորներին. «Առողջ եղեք, ժամանակին վերադարձեք Ձեր ընտանիքները: Հավատացած եղեք, որ ձեր ետևում ոչ միայն մեր հողն է, այլև՝ ամբողջ հայ ժողովուրդը»: