22/04/2016 19:18
Այս անգամ այդ առումով շատ հետաքրքիր բաներ ենք անելու. Մկրտիչ Արզումանյանը՝ «Պլյուս-մինուս» ներկայացման մասին
Մայիսի 2-ին դերասաններ Մկրտիչ Արզումանյանն ու Հովհաննես Ազոյանը Հակոբ Պարոնյանի Անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական Թատրոնում կմիավորեն ուրախ ու մտածող հանդիսատեսին: Նոր՝ «Պլյուս-մինուս» շոու-ներկայացումը կշոշափի տարբեր ոլորտներում առկա խնդիրները:
«Թեև բեմում մեծամասամբ լինելու ենք ես և Հովոն, բայց մասնակցությամբ հանդես կգան նաև երկու դերասաններ ևս. Գրիգոր Աղախանյանը վարելու է շոու-ծրագիրը, իսկ դերասանուհի Էվա Խաչատրյանը մի քանի դրվագներում կմարմնավորի կանացի կերպարները: Մենք փորձել ենք անդրադառնալ բոլոր բնագավառներին, կլինի և՛ քաղաքական հումոր, և՛ կենցաղային, և՛ սոցիալական: Սատիրայի տեսքով կբարձրացնենք խնդիրներ, որոնց իրական կյանքում բոլորն էլ առնչվում են, ակտուալ են: Ամեն ինչ արել ենք, որպեսզի ներկայացման յուրաքանչյուր հաջորդ դրվագ տարբերվի նախորդից: Հատուկ ուշադրություն է դարձվել նաև պարային համարների վրա»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Մկրտիչ Արզումանյանը:
Մկո-Հովո դուետը հեռուստադիտողին անծանոթ չէ, իսկ թե ո՞ւմ մտահղացմամբ ծնվեց բեմական զույգը՝ դերասանը պատասխանեց. «Մեր գործընկերների՝ Դավիթ Բաբախանյանի և Արման Միտոյանի մտահղացումն է, ովքեր նաև ներկայացման համապրոդյուսերներն են: Միտքը վաղուց էր ծնվել, երկու տարի առաջ էլ սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ»:
Թեև առաջին անգամ չէ, որ Մկոն նման նախագծում է ընդգրկվում, բայց միևնույն է՝ պատասխանատվությունը դրանից չի նվազում: «Իմ յուրաքանչյուր մուտքը բեմ կարծես առաջին անգամ լինի: Պատասխանատվությանս զգացումը երբեք չի փոխվում: Ես սիրում եմ անընդհատ փորձել, այս անգամ էլ կփորձենք այս ուժերով ներկայացնել նոր ծրագիր: Որպես դերասան, ինձ համար շատ հետաքրքիր է աշխատանքային այս ռիթմը՝ բեմից դուրս գալ, շուտ պատրաստվել նոր կերպարի համար ու վերադառնալ»,-խոստովանեց նա:
Թե որքանո՞վ հանդիսատեսը բեմում հայտնված կրպարների մեջ կճանաչի Մկրտիչ Արզումանյանի էկրանային կերպարներին՝ նշեց. «Հնարավորինս փորձել ենք այնպես անել, որ բեմում ներկայացրած մեր կերպարները բոլորովին նոր լինեն, բայց կլինեն նաև կերպարներ, որոնք արդեն իսկ կայացած և սիրված, մարդկանց մեջ տպավորված են»:
Քաղաքական դաշտում իշխող դեմքերից ովքե՞ր կլինեն Պարոնյան թատրոնի բեմում՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Փակագծերը չեմ բացի, բայց այս անգամ այդ առումով շատ հետաքրքիր բաներ ենք անելու: Կարծում եմ` շատ հաջողված, շատ ծիծաղելի, բայց նաև ասելիքով ներկայացում է լինելու: Ի վերջո, ամեն աշխատանք պետք է ունենա իր ասելիքը, հաղորդագրությունը, և մտածելու առիթ տա, հենց այնպես ծիծաղ պարգևելու տարիքից արդեն դուրս ենք եկել»:
Անդրադառնալով ներկայացման անվանն ու խաղընկերոջ՝ Հավհաննես Ազոյանի «պլյուս-մինուսներին»՝ Մ. Արզումանյանն ընդգծեց, որ ներկայացման ընդհանուր գաղափարն այն է, որ յուրաքանչյուր պլյուս ունի իր մինուսները, յուրաքանչյուր մինուս էլ՝ պլյուսները. «Դա վերաբերում է և՛ մարդկանց, և՛ մեր կյանքում տեղի ունեցող ցանկացած երևույթի: Կարծում եմ՝ հետաքրքիր անուն է շոուի համար, մտածելու տեղ է տալիս, թե մեզանից ով է պլյուսը, ով մինուսը… Ինչ վերաբերում է Հովհաննես Ազոյանի հետ համագործակցությանը, ապա կարող եմ ասել, որ այս դուետը վաղուց փորձված դուետ է: Եթե հիշում եք, նախկինում էլ նման ձևաչափերում հանդես ենք եկել և՛ հեռուստատեսային, և՛ բեմական տարբերակով: Թեև այն ժամանակ ներկայացմաներում ավելի շատ դերասաններ էին ընդգրկված, բայց հիմնական համարներում առավել շատ երկուսով էինք հանդիպում: Հովոն բեմի վրա շատ լավ զգում է խաղընկերոջը, իր էներգիան փոխանցում քեզ»:
Մ. Արզումանյանն ակնարկեց, որ գրեթե երկու ժամ տևող ներկայացումն ամփոփվելու է շատ լուրջ ու կարևոր, սթափեցնող ասելիքով:
Ներկայացման սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Սարգիս Կալպակյանը և Նարեկ Ավագյանը՝ դերասանների անմիջական մասնակցությամբ: Ռեժիսորն է Կարո Բալյանը: «Սցենարիստների հրաշալի խումբ է աշխատել ներկայացման վրա, բայց որպես դերասան՝ ես գրեթե միշտ մասնակցել եմ սցենարական աշխատանքներին, որպեսզի կերպարն ինձ ավելի հոգեհարազատ դառնա, իմը դառնա: Համագործակցում ենք շատ տաղանդավոր ռեժիսորի հետ, ում հետ աշխատելը շատ հաճելի է»,-ասաց նա:
«Պլյուս-մինուսը» հավանաբար կբարձրանա նաև մարզային բեմեր, ինչ խոսք, դերասանները կհանդիպեն նաև սփյուռքահայ հանդիսատեսին: «Այժմ ամեն ինչ անում ենք, որ հարմարավետ դեկորացիաներ պատրաստվեն, որպեսզի տեղափոխելու հետ կապված խնդիրներ չառաջանան»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Մկրտիչ Արզումանյանը: