22/04/2016 20:22
Միշտ պատմում էր, որ «փախեփախի» ժամանակ թուրքի է սպանել, որպեսզի իրեն ու աղջկան ազատի նրանց ձեռքից. Սոնա Շահգելդյանի արմատները
Գեներն ուժեղ են, և նույնիսկ 100 տարի առաջ ապրած ցավն այսօր չի բթանում: Սերունդներն ապրում են մեկ այլ Հայաստանում, մեկ այլ իրականության ու բարքերի մեջ, բայց արյան կանչն ամենուր է, ամեն օր…
«Հայոց ցեղասպանություն. Ձախողված ծրագիր» խորագրի այսօրվա հյուրը երգչուհի Սոնա Շահգելդյանն է, ում արմատները ձգվում են դեպի պատմական ՎԱՆ:
Մենք վանեցի ենք
Իմ մայրիկի նախնիները Արևմտյան Հայաստանից են՝ Վանից: Պապիկիս տատիկը՝ Ոսկեհատը, դստեր՝ Լուսիկի հետ գաղթել է 1915 թվականի ջարդերի ժամանակ: Ամուսնուն այնտեղ սպանել են: Պատմել է, որ իրեն թուրք ընտանիք է օգնել, որպեսզի կարողանա փախնել ու փրկվել: Գաղթականները հիմնականում հասնում էին Էջմիածին ու այնտեղից բաժանվում: Մեր տատիկն էլ բնակություն է հաստատել Թեժիաբեկում (այժմ՝ Ձորաղբյուր): Այնտեղ ընտանիք է կազմել՝ ամուսնանալով պապիկիս հոր՝ Սամսոն Շահգելդյանի հետ, ով նախորդ ամուսնությունից 3 տղա մեկ աղջիկ է ունեցել: Տղաներից մեկը գնացել է հայրենական պատերազմ ու չի վերադարձել: Նրանց համատեղ ամուսնությունից ծնվել է պապիկիս հայրը՝ Վարազդատ Շահգելդյանը: Ասեմ, որ մեր Ձորաղբյուրի տունը մինչև հիմա էլ կա, կապը չի կորում:
Թուրքի է սպանել, որ փրկվեն
Միշտ պատմում էր, որ «փախեփախի» ժամանակ թուրքի է սպանել, որպեսզի իրեն ու աղջկան ազատի նրանց ձեռքից: Փառք Աստծո՝ հաջողվել է: Ոսկի տատը մահացել է 1968 թվականին՝ մայրիկիս ծնվելուց մի քանի ամիս անց:
Հիշում էր, երազում
Կարոտով էր մտաբերում իր ծննդավայրը: Պատմում են, որ դրսում նստում էր, նայում հեռուն ու երազանքով ասում. «Ա՜խ, երանի մեկ անգամ գնամ իմ ծննդավայրը, վերադառնամ մեր կյանք»: Ուզում էր, որ ճանապարհները բաց լինեն, գնա իր հայրենիք, գտնի իր տունը: Թեև, ախ ու վախով էր մտաբերում 1915 թվականը:
Վանեցիները՝ ձեռնփակ
Լսել եմ, որ վանեցիների «ձեռքը փակ» է, բայց ես նման բան չեմ նկատել: Բոլորն էլ գիտեն, որ մենք չափից դուրս հյուրասեր ընտանիք ենք: Ընդհանրապես, հայը չի կարող փակ ձեռք ունենալ, ժողովրդի խոսքով ասած՝ «քձիբ» լինել՝ անկախ նրանից, թե որ քաղաքից, շրջանից է: Վանեցիներն ուղղակի այնքան խելացի մարդիկ են եղել, որ իրենց աշխատանքի գինն իմացել են, գնահատել:
Դժվար է գիտակցել
«Նոր ալիք» մրցույթում հաղթելով՝ տուրիստական ընկերություններից մեկը հնարավորություն տվեց ինձ մեկնել Արևմտյան Հայաստան: Հիմնականում, Կիլիկիայում, Ադանայում էի լինելու.. Բայց այնպես ստացվեց, որ գործի բերումով չկարողացա մեկնել, թեև ամեն ինչ առջևում է: Անպայման գնալու եմ Արևմտյան Հայաստան, Վան: Ճիշտ է, ոչինչ չեմ կարող փոխել, բայց ուզում եմ տեսնել պապերիս երկիրը: Դժվար բան է գիտակցել, որ այդ ամենը մերն է եղել ու հիմա մերը չի:
Պետք է միշտ հիշել
Քանի որ տատիկս Պատմության ուսուցչուհի է եղել, ես շատ լավ ծանոթ եմ մեր ժողովրդի պատմությանը: Միշտ հարցեր եմ տվել, հետաքրքրվել եմ, կարդացել: Պարտադիր չի, որ սպասենք ապրիլի 24-ին ու միայն այդ օրը հիշենք, հարգանքի տուրք մատուցենք: Ասեմ, որ ես դեռ նախորդ տարի այս օրերին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երգ եմ պատրաստել, որը մինչ այսօր չեմ տարածել, ոչ մի տեղ չեմ տեղադրել: Կոմիտասի «Հով արեք»-ն է, որը բնօրինակով եմ կատարել՝ առանց շեղվելու:
Այսօր էլ խաղաղ չէ
Մեծ ցավ եմ ապրում այս օրերին, այսքան զինվոր, տղա զոհվեց, այսքան ընտանիքներ որբացան: Բայց հպարտ եմ մեր երիտասարդներով, հերոսներով, կամավորներով: Ուզում եմ, որ գոնե մեր Հայաստանը, Ղարաբաղը խաղաղ լինի, մեր բանակը կայուն ու հզոր լինի, կախման մեջ չլինենք: Երկու երազանք ունեմ. մեկը՝ մեր հողերը ետ տան… (հուզվում է, արտասվում)…
ՀԳ. Երբ երգչուհին այլևս չկարողացավ շարունակել խոսքը, զրույցին միջամտեց նրա տատիկը՝ Լիանուշը Թադևոսյանը: Նա պատմեց, որ թոռնուհու վրա շատ ծանր ազդեցություն է թողել ապրիլի սկզբին տեղի ունեցած արցախյան պատերազմական իրավիճակը: Նա նույնիսկ գնացել է Մուրացանի հոսպիտալ, հանդիպել է վիրավոր զինվորներին, զրուցել նրանց հետ: Համերգային հրավերները չի ընդունել: Նույնիսկ մայրիկին խնդրել է. «Եթե կարողանաս փոքրիկիս պահել, խնամել, կգնամ տղաների մոտ՝ առաջին գիծ»…