25/04/2016 19:31
Եթե ինչ-որ բան չեմ զգում, նշանակում է՝ չպետք է անեմ. Հասմիկ Կարապետյան
«Ես միշտ հետևել եմ զարգացող իրադարձություններին, բայց չեմ կարծում, որ այնքան հմուտ եմ, որ կարող եմ այդ թեմայի շուրջ կարծիքներ հայտնել»,-փոքր ինչ տարակուսելով՝ Aysor.am-ի հետ զրույցը սկսեց երգչուհի Հասմիկ Կարապետյանը, ումից հետաքրքրվել էինք, թե հետևում է արդյոք Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ապրիլյան իրադարձություններին:
Այնուամենայնիվ, մեր այն նկատառմանը, որ նա՝ լինի արվեստով, թե իր խոսքով, միշտ հայ զինվորի կողքին է եղել՝ նկատեց. «Շատ թյուր կարծիք է ձևավորված, թե ես ամեն հարցում առաջիններից եմ եղել: Իհարկե, Շուշան Պետրոսյանի, Տիգրան Պետրոսյանի, Ավետ Բարսեղյանի հետ միասին բազմաթիվ համերգներ ենք ունեցել սահմանամերձ շրջաններում, զորամասերում, բայց խաղաղ, և ոչ թե պատերազմական ժամանակ»:
Երգչուհին անկեղծացավ և խոստովանեց, որ պատերազմական իրավիճակն իրեն փոքր-ինչ վախեցրել է: «Ամուսինս շատ էր ուզում գնալ Արցախ, ինձ էլ ասում էր՝ գնանք, գուցե կարողանա՞նք ինչ-որ բանով օգտակար լինել, աջակցել… Բայց ես չզգացի, որ պետք է այնտեղ լինեմ: Իսկ եթե ինչ-որ բան չեմ զգում, նշանակում է՝ չպետք է անեմ»:
Ինչ խոսք, երբ մարդիկ կամավորագրվում և առաջնագծում են հայտնվում՝ խրախուսելի է, բայց թե որքանո՞վ է նպատակահարմար լոկ Արցախի մայրաքաղաքում սելֆիներ անելով, ուրախ տրամադրություն ապահովելով սահմանափակվելը՝ այլ հարց է: «Գիտեք, այս հարցը կարելի է երկկողմ դիտարկել. եթե նրանք իսկապես կարողացել են ինչ-որ չափով թեթևացնել զինվորի հոգսը, «դուխ» տալ, ապա բացասական ոչինչ չեմ տեսնում դրա մեջ: Բայց մյուս կողմից էլ արդյոք ճիշտ էր գնալ և այդ երիտասարդ երեխաներին, զինվորներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք այստեղ ենք՝ խաղաղ պայմաններում, իսկ իրենք այնտեղ՝ տանից հեռու, պատերազմի մեջ: Այդ տղաները պաշտպանում են մեր հայրենիքն ու ապահովում մեր երկրի խաղաղությունը… Թեև, եթե գնացողների մոտ ստացվել է ոգևորել տղաներին, ապա շատ լավ է»,-նշեց նա:
Զրույցի ընթացքում Հասմիկ Կարապետյանը դիմեց ոչ միայն մեր զինվորներին, այլ նաև հերոսներ ծնած հայ մայրերին. «Մայրերին միայն մեկ բան կարող եմ մաղթել՝ համբերություն: Շատ եմ ցանկանում, որ սահմանին գտնվող մեր բոլոր տղաները ողջ և առողջ վերադառնան: Ուզում եմ, որ պատերազմ չլինի, մայրերը հպարտանան, բայց մեկտեղ նաև ուրախանան իրենց զավակներով: Շատ կցանկանայի, որ հերոսների ընտանիքներին, մայրերին, ծնողներին մշտապես ուշադրության կենտրոնում պահեր մեր պետությունը: Օգներ ու աջակցեր այն ամենով, ինչի հնարավորությունը կա: Պատերազմը ցավալի, շատ ցավալի բան է»:
Անդրադառնալով ապրիլ 24-յան խորհրդին՝ երգչուհին նշեց, որ այս օրերին Ծիծեռնակաբերդ բարձրացել է երկու անգամ. «Նախ, ապրիլի 23-ին ամուսնուս հետ մասնակցեցի ջահերով երթին, բայց ապրիլի 24-ին էլ բարձրացա Ծիծեռնակաբերդ: Անմար կրակի սյուներից մեկի վրա մենք սպիտակ աղավնի տեսանք: Ինձ թվում է՝ դա խորհրդանշական է: Չգիտեմ ինչու, զգում եմ, որ շուտով կգա այն օրը, որ կպատժվեն այն մարդիկ, ովքեր փորձել են բնաջնջել հայերին: Բոլորը կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,-եզրափակեց Հ. Կարապետյանը: