26/04/2016 18:22
Պաշտոնանկություններն անակնկալ չէին, հնարավոր է` դրանք շարունակվեն. Կորյուն Նահապետյան
Պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները վկայում են այն մասին, որ կոնկրետ այդ անձինք թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ: ԱԺ-ում անդրադառնալով զինվորականների պաշտոնանկություններին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Թե ինչո՞ւ իշխանությունները միայն քառօրյա պատերազմից հետո հասկացան, որ համակարգում թերություններ կան ու պարտականություններ չկատարողներ, Կորյուն Նահապետյանն արձագանքեց, որ բանակաշինության խնդիրները միշտ քննարկման առարկա են եղել և առաջին անգամ չէ, որ այս մասին բարձրաձայնվում է:
«Պատերազմը վեր հանեց նոր խնդիրներ, որոնց պետք էր օպերատիվ արձագանքել: Այո, բացահայտվել են նոր խնդիրներ և դրանց կապակցությամբ պետք է նոր լուծումներ տալ»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու են իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվում հատկապես ցածր պաշտոն զբաղեցնող անձիք, պատգամավորը հարցով պատասխանեց. «Փոխնախարարի կամ վարչության պետի պաշտոնը ցա՞ծր է»,- ասաց նա՝ շարունակելով, որ այդ պաշտոնանկությունները անակնկալ բնույթի չեն եղել և հնարավոր է, որ նոր ազատումներ ևս լինեն:
Կ. Նահապեյան ընդգծեց, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի յուրաքանչյուր պաշտոնյա ունի պարտականությունների իր շրջանակը և պետք է քննարկել և որոշել, թե ով որ հարցում է թերացել: Նրա համոզմամբ՝ այդպիսի պաշտոն է զբաղեցնում նաև ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:
Արձագանքելով հարցին՝ ինչու նա էլ չի ազատվում իր զբաղեցրած պաշտոնից, չէ՞ որ պատասխանատուն Յուրի Խաչատուրովն է, Կ. Նահապետյանը նախ հստակեցրեց, որ դրա համար պետք է լինեն հիմքեր, ապա հավելեց. «Հիմա, որ դուք կանխավ նման գնահատական եք հնչեցում և որոշում եք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պարագայում նա նույնպես պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից, սակայն դրա համար պետք է հիմքեր ունենալ»:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի հրամանագրերով այսօր պաշտոնից ազատվել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը և ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյան։