26/04/2016 19:34
Ամեն ինչ տեսել էինք, բայց «կաշառք» տալու փորձ կատարել՝ առաջնագիծ գնալու համար՝ չէինք տեսել. Էրիկ Անթառանյան
Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից հրահրված 4-օրյա պատերազմը շատերի համար անակնկալ ու անսպասելի էր, շատերն էլ ամեն պահ սպասում էին հակառակորդի՝ նման դրսևորմանը: Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Էրիկ Անթառանյանը Aysor.am-ի հետ զրույցում մատնանշեց. «Երևանում կա մի վայր, որտեղ խորհրդանշական դրոշները միասին հսկում են մի շատ կարևոր տակառիկ՝ Խաղաղության տակառիկը: Դա Կոնյակի մի տակառիկ է, որ Երևանի կոնյակի գործարանում հնեցման է դրվել 1994 թվականին՝ հրադադարի եռակողմ պայմանագրի կնքումից հետո, և այն նախատեսվում էր բացել այն պահից, երբ կկնքվի խաղաղության պայմանագիրը: Մեզ 22 տարվա հնեցումը բավ է, Տակառիկը բացելու ժամանակն է, վերջնական խաղաղության ժամանակն է»:
Այս դեպքում՝ հաղորդավարը հավատում է զուգադիպություններին, հավատում է, որ հաղթանակի հասնելու հերթական ժամանակն է: Պատմությունը ցույց է տվել, որ մեր հակառակորդից ամեն ինչ կարելի է սպասել, զգոնությունը թուլացնել պետք չէ: ««Թուրքը մնում է թուրք» արտահայտությունը ես չեմ արել, ընդամենը կրկնում եմ: Իսկ ազերիներից անընդհատ կարելի է սպասել, քանի դեռ այդ երկիրն իշխում է արդեն կլինիկական խնդիրներ ունեցողի տպավորություն թողնող Ալիև գահաժառանգը: Աստված մի արասցե՝ դրանց երրորդ սերունդն էլ գա: Պիտի հարցը լուծել այսօր ու հիմա: Պատմությունից պետք է դասեր քաղել ու միշտ զգոն լինել: Ազերիներն աճացրել են ՀԱՅատյաց մի ամբողջ սերունդ, դարեր են պետք, որ այդ սերունդը մաքրվի… Ի դեպ, այն ժամանակ հրադադարի եռակողմ պայմանագիրը, որը բերեց «հարաբերական խաղաղություն», Հայաստանի կողմից ստորագրվել էր այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից, ինչ -որ բան ինձ հուշում է, որ Նախագահ Սարգսյանը նույնպես կհասնի հաջողության»,-հույս հայտնեց մեր զրուցակիցը:
Այս օրերին շատերն էին մեկնում Արցախում, Է. Անթառանյանը ևս մեկնողների շարքերում էր: Ի՞նչ տվեց այդ հոսքը արցախցուն և Արցախի սահմանները պահող զինվորին: «Ես, ինչպեսև Հանրային հեռուստաընկերության իմ մյուս կոլեգաները, Արցախում ընդամենը կատարում էինք մեր մասնագիտական պարտքը: Ուղղակի փորձում էինք մաքսիմալ բարեխղճորեն կատարել: Արցախցուն ոչինչ պետք չէ, նա ամուր է կանգնած իր հողի վրա: Արցախցու թիկունքն է պետք ուժեղ պահել, ու դա հնարավոր է միայն, երբ յուրաքանչյուրն իր գործին բարեխղճորեն մոտենա: Այ դա ուժ և հավատ կներշնչի մարտնչող զինվորին, երբ վստահ լինի՝ թիկունքն ամուր է»,-վստահեցրեց հաղորդավարը:
Արցախ մեկնող հայտնիներից շատերը, տեղին թե անտեղին՝ չխուսափեցին քննադատությունից: Բայց միևնույն է՝ ուզում էին աջակցել, և ամեն մեկն աջակցման իր տարբերակն ուներ: «Գիտեք, յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչպես աջակցի: Մեկը սուս ու փուս կարող է գնալ ու կամավոր զինվորագրվել, մյուսը պարզապես զբոսաշրջային այցով գնալ պտտվել ու գալ, մեկ ուրիշն էլ ուղղակի համակարգչի առջև նստած հետևել իրադարձություններին ու մասնակցել տեղեկատվական պատերազմին: Որևէ մեկին կաշկանդել պետք չէ: Այդ օրերին շատ բան տեսանք: Գյուղացին իր աճեցրած պտուղներից բերել ու Ստեփանակերտի հիվանդանոցի բակում բաժանում էր, Երևանի շինանյութի խանութներից մեկի տնօրենն էլ շինանյութ էր բարձել մեքենան ու հայտնվել առաջնագծում՝ մտածելով, որ այդ շինանյութն ինչ- որ մեկին պետք կգա: Մարդիկ անում են այն, ինչ իրենց սրտից բխում է, ու դա զսպել կամ կանխել պետք չէ, ուղղակի ինչ որ պահից սկսած՝ պետք է ինքնակազմակերպվել ու ուղղորդվել, քանզի կարող ես նաև խանգարել մարտական առաջադրանքն ավելի քան հստակ կատարող զինվորին»,-նկատեց նա:
Քառօրյա պատերազմը ոչ միայն յուրօրինակ հաշվետվություն դարձավ հենց մեզ համար, ոգևորեց կամ սրտապնդեց, այլև սահմանին ու թիկունքում գտնվողներին որոշակի դասեր տվեց: «Մի բան այլևս պարզ է: Թե չես մեկնել Արցախ ու հանգիստ ամեն օր գլուխդ դնում ես բարձին ու քնում, ապա զինվորի հանդեպ քո շնորհակալ վերաբերմունքը պիտի ցույց տաս քո համեստ պահվածքով, մեքենայիդ մեջ երաժշտություն բարձր չմիացնելով, քեզ հանձնարարված աշխատանքը բարեխղճորեն կատարելով, չխաբելով, մարդկանց չվիրավորելով, օգնության համար պատրաստակամությունդ ցուցաբերելով: Հույս ունեմ, որ 2016-ի ապրիլը մեզ բոլորիս իրոք տվեց իմ բոլոր վերը թվարկածները: Այո,՛ իրավիճակ է փոխվել, մե՛նք էլ պիտի փոխվենք»,-ընդգծեց Էրիկ Անթառանյանը:
Ապրիլյան քառօրյան շատ պատմություններ ծնեց, բայց դրանցից գրեթե ոչ մեկը հնարածին չէր: Իրական հերոսություններ, որոնք զարմացնում էին լսողներին ու ականատեսներին: «Լսածս պատմություններից ամենաունիկալներից մեկն, իհարկե, միշտ կմնա իմ հիշողության մեջ. երբ տարիքով մի քանի կամավորներ լեզվակռվի են բռնվել զինկոմիսարիատի ներկայացուցչի հետ, ով հրաժարվել է նրանց առաջնագիծ ուղարկել տարիքի պատճառով, հանկարծ նրանցից ամենաավագը ձեռքը տարել է գրպանն ու գումար հանել՝ առաջարկելով Զինկոմին... Ամեն ինչ տեսել էինք, բայց «կաշառք» տալու փորձ կատարել՝ առաջնագիծ գնալու համար՝ չէինք տեսել: Այո՛, մենք դարձանք այն պետությունը, որ խաղաղ ժամանակ արտագաղթ ունի, իսկ պատերազմական իրավիճակում՝ ներգաղթ»,-ժպիտով ու հպարտությամբ ընդգծեց Aysor.am-ի զրուցակիցը:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում համախմբվածությունը ճակատում և թիկունքում՝ պատասխանեց. «Թերևս աննախադեպ էր: Բայց ես կարող եմ մեդիա դաշտը գնահատել. համախմբվեցին անմիջապես, չընկան սկանդալների ու լայքահավքության հետևից: Դրսևորեցին զուսպ, բայց միևնույն ժամանակ աչալուրջ պահվածք: Դա մեծապես նպաստեց նաև ճիշտ ինֆորմացիոն հոսքերին, որոնց շնորհիվ էլ հնարավորինս արդյունավետ եղան բոլոր ինքնաբուխ աջակցություններն ու նախաձեռնությունները: Չկային մրցակիցներ, կար մեկ ընդհանուր նպատակ՝ ռազմաճակատում ամուր պահել 18-20 տարեկան պատանուն: Իսկ ճակատի համախմբվածության մասին խոսում է արդյունքը. քառօրյա ծեծ ուտելուց հետո ճիշտ 22 տարի առաջվա նման կաղկանձելով կրկին համաձայնվեցին «հրադադարի»: Կարևորը՝ մենք հասկանանք, որ նա քնած չէ, ու փայտը ձեռքից գցել չի կարելի»:
Ինչևէ, մինչ այսօր շատերը մտածում են Հայաստան գալու և կամավորագրվելու, ապա ոմանք էլ մտածում են իրենց զավակներին Հայաստանից, պատերազմական իրավիճակներից փախցնելու մասին: Էրիկ Անթառանյանը երկու որդի ունի, երկու ապագա զինվոր: Արդյոք արդեն իսկ անհանգստանում է զավակների՝ 10-15 տարի անց զինվոր դառնալ հանգամանքից: «Չգիտեմ նման դեպք, որ որևէ մեկը մտածի փախչելու մասին: Փոխվել է իրականությունը: Իհարկե, բոլորն անհանգստանում են իրենց ամուսնու, եղբոր, որդու համար: Բայց Հայ կնոջ գիտակցությունը բարձր է, կրիտիկական պահին հասկանում են, որ հենց իրենց կողքի տղամարդը պիտի՛ լինի այնտեղ, պիտի՛ կռվի ու պաշտպանի մեր խաղաղ ապրելու իրավունքը: Որդիներիս հայրը ծառայել է խաղաղ պայմաններում: Ես միայն մաղթում եմ նրանց, ու ոչ միայն նրանց, այլև բոլոր զավակներին, որ ժամանակը գա ու զինվորագրվեն մեր բանակի շարքերում՝ միմիայն խաղաղ պայմաններում: Ինչպես ասում են, ես էլ պիտի անեմ դրա համար այն ամենն, ինչ ինձնից հասնում է»,-ասաց նա:
Զինվորներին ու նրանց մայրերին մաղթանքներ հղել չցանկացավ՝ գտնելով, որ դրանց հասցեատերը մեկ ուրիշն է: Հերոսներին իր ասելիքն այլ է: «Միայն կարող եմ ասել՝ շնորհակալ եմ տղերք, շնորհակալ եմ մայրե՛ր, Ձեր կերտած հերոսների համար… Իսկ այ մաղթանքս մյուսներին եմ ուղղում. Թե զենք չե՛ք բարձրացնում, նայեք ձեր շուրջը, գտեք ձեր կողքի հերոսի ընտանիքը, փորձեք մի փուշ հանել նրանց մատից: Այսօր բոլորիս համախմբվածությունն է անհրաժեշտ»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց հաղորդավարը: