26/04/2016 20:28
Մայրս ասել է, որ չի հավատում հորս զոհվելուն, Աշոտը խելացի հրամանատար է ու դուրս կգա, նրանք ողջ են. Մարինա Մարտիրոսյանը վերհիշում է
Շուրջ 20 տարի տևած Ղարաբաղա-ադրբեջանական հրադադարի այս տարվա ապրիլյան խախտումն ու պատերազմի վերսկսման վտանգը մեզանից շատերի մոտ արթնացրեց հիշողություններ: Պարուհի, հաճախ նաև որպես հաղորդավարուհի հանդես եկող Մարինա Մարտիրոսյանը, ով վերջին տարիներին ամուսնությունից հետո բնակություն է հաստատել Ռուսաստանում, մանկությունն անցկացրել է հարազատ Արցախում: Գնդապետի դուստրը Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց՝ շատ բան ունի պատմելու, սակայն կարոտն ու հուզմունքը խանգարում են…
-Մարինա, վերջին շաբաթների ընթացքում Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը խաղաղ չէ: Հետևո՞ւմ եք իրադարձություններին:
-Համոզված եմ՝ չկա որևէ մեկը, ով չի հետևում այդ իրադարձություններին: Ապրիլի 2-ին իմ ծննդյան օրն է, ու հենց այդ օրը՝ առավոտյան, իմացա այդ չարաբաստիկ լուրը: Ինչպես յուրաքանչյուր հայի, այնպես էլ ինձ վրա շատ ծանր ազդեց դա: Անմիջապես հեռուստացույցը միացրեցի, զուգահեռ՝ զանգահարեցի մայրիկիս՝ Երևան: Նա հաստատեց, որ իրավիճակն, իսկապես, լարված է: Մայրիկիս հետ խոսելուց անմիջապես հետո զանգահարեցի մորաքրոջս աղջկան, ով ապրում է Տոնաշեն գյուղում: Դա բոլորին քաջածանոթ, հայտնի «Եղնիկներն» է: Մորաքրոջս աղջիկն ասաց, որ կանանց ու երեխաներին տարհանել են գյուղից: Իրենք Երևանի ճանապարհին էին, բայց ամուսինն ու երկու որդիները մնացել էին այնտեղ՝ պաշտպանելու իրենց հողը… Այդ օրվանից ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան հետևել եմ իրադարձությունների ընթացքին: Հուզմունքս ու ապրումներս շատ ծանր էին, այն աստիճան, որ ամուսինս նույնիսկ արգելեց լուրեր նայել: Ուղղակի անհնար էր առանց արցունքների…
-Թեև Երևանից եք, վերջին տարիներին էլ բնակվում եք Մոսկվայում, բայց նկատել եմ, որ առանձնակի ջերմությամբ եք արտահայտվում Արցախի մասին: Փաստորեն, Ձեր արմատները ձգվում են դեպի Ղարաբաղ:
-Այո, մայրս Ղարաբաղից է, Մարտակերտի շրջանից՝ Մատաղիսից: Դա հենց այն շրջանն է, որն ամենամեծ հարվածն էր կրել: Մանկությանս յուրաքանչյուր ամառ այնտեղ է անցել, հրաշք էր ուղղակի: Բայց 90-ականների պատերազմը սև մոխրով պատեց այդ հրաշքը (մտածում է): Այնքա՜ն բան կա հիշելու և պատմելու… Իսկապես, Ղարաբաղի հետ ինձ շատ բան է կապում՝ արյան կանչը, մանկությանս հիշողությունները, նաև՝ պատերազմի հետ կապված հիշողություններ ունեմ, քանի որ հայրս առաջին իսկ օրվանից արցախյան ազատագրական պայքարի մեջ էր:
-Կպատմե՞ք Ձեր հայրիկի մասին, ինչպե՞ս ընդունվեց ընտանիքի կողմից նրա պատերազմ մեկնելը:
-Հայրս Հայոց բանակի սպա, գնդապետ Աշոտ Մարտիրոսյանն է: Նրա՝ պատերազմ մեկնելն ընդունվեց առանց որևէ քննարկման: Ճիշտ է, այն ժամանակ ես փոքր էի, բայց որոշ բաներ լավ հասկանում էի: Հասկանում էի, որ դա պետք է ու դա է ճիշտը, յուրաքանչյուրիս պարտքն է: Մեր ընտանիքում հասնելը, մարդկանց օգնելը նորմալ ու սովորական երևույթ է եղել: Այդ ամենը սկսվել էր դեռ 1988 թվականի Սումգայիթի ջարդերից, հետո էլ՝ դեկտեմբերի 7: Երկրաշարժի ժամանակ հայրս իր ընկերների հետ անմիջապես Գյումրի մեկնեց՝ օգնելու… Ասեմ, որ մայրս էլ՝ Նաիրա Եդիգարյանը, Հայոց բանակի ստեղծման առաջին իսկ օրվանից՝ 17 տարի, ծառայել է հանուն հայրենիքի: Նա եղել է Մոտոհրաձգային գնդի գաղտնի մասի պետ:
-Զինվորականների ընտանիքում մեծանալով՝ ցանկություն չի՞ առաջացել, որ դուք էլ շարունակեք նրանց ճանապարհը:
-Երբ դեռ 9-րդ դասարանում էի սովորում, ուզում էի դառնալ զինվորական, հատկապես՝ հետախույզ: Հայրս շատ լավ հետախույզ ընկեր ուներ, ուզում էի նրա նման դառնալ, ի վերջո՝ ծնողներիս գործը կշարունակեի: Բայց ճակատագիրն ինձ համար այլ ուղի էր պատրաստել:
-Վստահ եմ՝ հայրիկից բավական հետաքրքիր ու հիշարժան պատմություններ լսած կլինեք 90-ականներից:
-Պատմությունները շատ-շատ են, բայց կառանձնացնեմ դրանցից 1-2-ը… Երբ լսեցինք, որ թշնամին արդեն հասել է Մատաղիսի մատույցներին, առավել, քան իրար խառնվեցինք: Տատիկս և մեծ տատիկս՝ մայրիկիս տատը, նաև՝ շատ այլ ազգականներ, այնտեղ էին: Մայրիկիս ապրումներն աննկարագրելի էին: Հիշում եմ, ոչ մի տեղեկություն չունեինք ո՛չ տատիկից, ո՛չ էլ հայրիկիցս: Կապի միջոց գրեթե չկար, իսկ անորոշությունն ահավոր երևույթ է: Ու մեկ էլ 92-ի գարնանային մի երեկո դուռը թակեցին: Հայրս էր՝ տատիկիս հետ: Նրանց հետ էին նաև մի քանի կանայք ու երեխաներ, որոնց հորս ջոկատը անտառներում էր գտել: Ցավոք, մեծ տատիկս չկար, ճանապարհին էր մահացել: Այն ժամանակ նա 92 տարեկան էր: Տատիկս ամեն անգամ պատմում ու հոգոց հանելով ասում էր. «Ա՜խ մամա, հիմա ես որտե՞ղ քո շիրիմիդ այցի գամ»…
-Ճանապարհի՞ն է մահացել:
-Նորա տատիկիս խոսքերով՝ մեծ տատս դեռ գյուղում, իր տանը իրեն ասել է՝ ինձ թող, դու փախիր, ինձ հետ չես փրկվի, ես բեռ եմ: Բայց տատիկս նրան չի լսել, մի կերպ դուրս են եկել գյուղից ու փախել: Բայց չի կարողացել, ճանապարհին մահացել է ու փախեփախի ժամանակ անտառում թաղել են: Հիմա մեծ տատիկս այդ անտառի ինչ-որ ընկուզենու տակ հանգչում է: Բայց, ցավոք, տեղն այլևս չենք գտնի, քանի որ մայրիկիս մայրն էլ այլևս մեզ հետ չէ: Միակ սփոփող բանն այն է, որ հողը ազատագրվեց դեռևս 1993 թվականին, մերն է… (լռում է):
-Կա՞ն պատմություններ, որոնց մասին իմացել եք շատ տարիներ անց:
-Այո, մի պատմություն կա, որի մասին մայրս ինձ շատ ավելի ուշ է պատմել. երբ հայրս հերթական անգամ սահմանում է եղել, իսկ մայրս աշխատավայրում, գնդում գտնվող հորս մարտական ընկերները հերթով մտել են մայրիկիս մոտ, հետը խոսել, իր ու իմ որպիսությունը հարցրել: Հետո էլ իրենց մեջ ուժ են հավաքել ու ասել. «Տիկին Եդիգարյան, Աշոտն իր գումարտակով շրջափակման մեջ է ընկել, արդեն 9 ժամ է՝ դուրս չեն գալիս կապի: Հավանականությունը շատ քիչ է, որ ողջ են»… Բայց մայրս ասել է, որ չի հավատում հորս զոհվելուն, Աշոտը խելացի հրամանատար է ու դուրս կգա, նրանք ողջ են: Մայրս շատ ուժեղ կին է, այդ օրն ինձ ոչինչ չի ասել, ես էլ, բնականաբար, ոչինչ չեմ կասկածել (արտասվում է)… Փառք Աստծո, մեկ օր հետո հայրս կապի մեջ է մտնում ու հաղորդում, որ դուրս են եկել շրջափակումից:
-Հետո պատմե՞լ է, թե ինչպես են կարողացել փրկվել:
-ՉԷ, ռազմական գաղտնիք էր, մանրամասներին ծանոթ չեմ: Ընդհանրապս, ես շատ հետաքրքրասեր եմ եղել, ինձ շատ բաներ են հետաքրքրել, բայց ծնողներս չէին պատմում: Միշտ նեղանում էի, ասում՝ չե՞ք վստահում ինձ, ազնիվ խոսք՝ ոչ-ոքի չեմ ասի (ժպտում է): Բայց նրանք պնդում էին, որ դա իմ իսկ անվտանգության համար է:
-Հրադադարից հետո էլ հաճախ եք եղել Ձեր գյուղում: Ինչպիսի՞ն են հետպատերազմյան հիշողությունները, մինչ պատերազմյան գույները պահպանվե՞լ են:
-Երբ պատերազմից հետո առաջին անգամ մեր գյուղ գնացի, մանկությանս հրաշքից գրեթե ոչինչ չէր մնացել: Ճանապարհները, դաշտերը, լեռներն ու նույնիսկ օդն այնքան տխուր էին, սև մոխրով պատված: Թեև, միևնույն ժամանակ հպարտություն կար այդ ամենի մեջ: Չէի կարողանում արցունքներս զսպել, հատկապես, երբ հասա պապիկիս ու տատիկիս տան մոտ:
-Տունը պահպանվո՞ւմ էր:
-Ոչ, ոչինչ չէր մնացել, տուն տանող աստիճաններից միայն երկուսն էին կանգուն… Հենց այդ երկու աստիճաններից էլ շարունակեցի կառուցել ու վերհիշել մանկությանս պատկերները, երբ ամեն ինչ խաղաղ էր ու կոկիկ, երբ կանաչած ու հարդարված էր այգին՝ բազմատեսակ մրգերի ծառերով ու բանջարեղենով: Երբ միշտ համեղ հացի ու հայկական գաթայի հոտ էր գալիս տատիկիս խոհանոցից ու թոնիրից: Երից Մանկանց եկեղեցին հենց մեր գյուղի վերևում՝ լեռների վրա է… Բայց, Փառք Աստծո, հիմա գյուղն էլի վերածնվել ու շնչում է, ու միշտ այդպես կլինի: Մենք անկոտրում ազգ ենք, մեզ հնարավոր չէ ջնջել:
-Շա՞տ հարազատներ ունեք հիմա Արցախում:
-Այո, ամենամոտը մորաքրոջս աղջիկն է՝ իր ընտանիքով: Նրա կրտսեր որդին սահմանին է ծառայում, իսկ ամուսինն ու ավագ որդին, ինչպես ասացի, կամավորականներ են:
-Եղբայր ունե՞ք:
-Ցավոք՝ ոչ, ծնողներիս միակ երեխան եմ: Համ իրենց որդին եմ, համ էլ դուստրը (ժպտում է):
-Մարինա, վերադառնալով մեր օրեր, երբ ղարաբաղյան պատերազմը կրկին գլուխ է բարձրացնում, ինչպե՞ս եք գնահատում ժողովրդի համախմբվածությունը:
- Այսպիսի բան չէր եղել վերջին 20-25 տարիների ընթացքում, իսկապես, ոգևորիչ է այս համախմբվածությունը: Սա ապացուցում է, որ մենք անտարբեր չենք, միասնական ենք: Կցանկանայի, որ մեր ղեկավարությունն էլ թև ու թիկունք լինի այս համախմբվածությանը: Ուզում եմ, որ այս ոգևորությունը հիասթափություն չապրի:
-Այս օրերին Հայաստանում մի շարք հեղինակավոր արվեստագետներ են գտնվում, «Ավրորա» մրցանակաբաշխությունը կյանքի կոչվեց: Հետևո՞ւմ էիք:
-Ոգևորիչ է, որ հատկապես այս օրերին համայն հայությանն իրենց կոչով միացել են նաև աշխարհահռչակ մարդիկ: Նրանք էլ հորդորում են աշխարհին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Տա Աստված, որ արդեն հարյուր ու մեկ տարի արդարացի լուծում չստացած այս հարցը հաջողություն ունենա: Շառլ Ազնավուրի և Ջորջ Քլունիի այցը Հայաստան, «Ավրորա» մրցանակաբաշխությունը. ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, հուզվելու աստիճան ոգևորիչ: Մրցանակաբաշխության դահլիճում գտնվող մարդիկ, կազմակերպիչներն ու հյուրերն այնքան դրական էին, պարզ ու բարի: Սա կարծես վերածննդի նման մի բան լիներ: Մարդիկ, երևույթներ, որ դրական հետք կթողնեն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա:
-Զինվորականների դուստր լինելով հանդերձ՝ ի՞նչ կմաղթեք մեր զինվորներին:
-Զինծառայողներին, սպաներին ու կամավորներին առաջնահերթ քաջառղություն եմ մաղթում, թշնամու գնդակը նրանցից հեռու լինի: Թող մեր երկիրը խաղաղ լինի: Ուզում եմ՝ ո՛չ մի ծնող, ո՛չ մի մայր զավակ չկորցնի: Այդ կորուստը նաև բոլորինս է… Մեր ընկած հերոսներին փառք ու պատիվ: Սփոփանքի խոսքերը ի զորու չեն փարատելու նրանց մայրերի ու կանանց վիշտը: Խոնարհվում եմ բոլորի առջև: Աստված պահապան մեր երկրին ու մեր զինվորին: