27/04/2016 21:05
Զինվորական մելոդրամա՝ տեսահոլովակի տեսքով. Սուրեն Դավթյանի և Վահե Հարությունյանի նոր աշխատանքը
Ֆրանսահայ երգիչ Սուրեն Դավթյանը շուտով հանրությանը կներկայացնի իր նոր՝ «Կյանքս» երգն ու տեսահոլովակը: Երգը հին պատմություն ունի, ավագ սերունդն այն կհիշի ամերիկահայ երգիչ Փոլ Բաղդադյանի կատարմամբ: Տեսահոլովակի ռեժիսոր Վահե Հարությունյանը այլ մոտեցում է դրսևորել, ինչի շնորհիվ երգը բոլորովին նոր շունչ է ստացել:
«Սա հին ու գեղեցիկ, սիրո մասին երգ է, որը նորովի է մատուցվել: Սուրենն այս երգին դասական լուծումներ է հաղորդել, ես էլ տեսահոլովակը ֆիլմի տեսքով եմ նկարահանել: Փոքրիկ, սիրուն պատմություն է ներկայացվում: Տեսահոլովակի սյուժետային ուղղվածությունը զինվորական մելոդրամա է»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Վահե Հարությունյանը:
Երգը գործիքավորել է «Karen-Sevak» փրոդաքշնը: Տեսահոլովակը գրեթե ամբողջությամբ նկարահանվել է Գյումրիում, ներկայացնում է ռետրո ժամանակաշրջանը՝ 30-40-ական թվականներ: Նկարահանվող դերասանների ընտրությունը հեշտ չէր:
«Ճիշտն ասած՝ բազմաթիվ քասթինգներ եմ արել, շատ երկար եմ փնտրել դերակատաններին: Քանի որ տեսահոլովակում գլխավոր կերպարներում դերասանները երկուսն են, խաղարկային տեսարաններն անխոս են, տեսահոլովակն էլ՝ 3-4 րոպեանոց, ապա անհրաժեշտ էր, որ կերպարները շատ համոզիչ լինեին: Ինքս սիրում եմ դերասաններ բացահայտել, այս անգամ էլ բացահայտեցի հիասքանչ դերասանուհու՝ Ստելլա Բրուտյանին: Թատերական ինստիտուտի դերասանուհին հերոսուհուն է մարմնավորում: Հերոսին էլ մարմնավորում է Դավիթ Հակոբյանը, ում հետ աշխատելու փորձ արդեն իսկ ունեի: Ինձ համար սա ավելի շատ փոքրիկ, կարճամետրաժ ֆիլմ է, քան տեսահոլովակ»,-մանրամասնեց ռեժիսորը:
Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 10:00-ին՝ Արմնյուզ հեռուստաընկերությամբ: