28/04/2016 17:55
Արմմոնո փառատոնին կցուցադրվի 26 ներկայացում
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունն ապրիլի 29-ից մայիսի 3-ը կանցկացնի «Արմմոնո» միջազգային թատերական 14-րդ փառատոնը: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից և տեղեկացնում, որ փառատոնի մասնակից երկրներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Իսրայելը, Լեհաստանը, Լիտվան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Ռուսաստանը, Վրաստանը, Ֆրանսիան։
Ընդհանուր առմամբ, փառատոնի ընթացքում կցուցադրվի 26 ներկայացում: «Արմմոնո-2016» փառատոնը կբացի «Եթե ես լինեի ՊաՊա» մոնոներկայացումը՝ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի կատարմամբ (բեմադրիչ՝ Հ. Պետրոսյան): Փառատոնի ծրագրում ներառված է Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի «Մարգարիտա և Աբուլֆազ» ստեղծագործության հիման վրա բեմադրված մոնոներկայացումը, որը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:
Փառատոնի պատվավոր հյուրերի շարքում են Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), մոնոփառատոնի տնօրեններ Վեցլավ Գերասը (Լեհաստան), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վյաչեսլավ Տերեշչենկոն (Ռուսաստան), Անդրեյ Նովիկովը (Բելառուս), Ալեքսանդրաս Ռուբինովասը (Լիտվա), ինչպես նաեւ անվանի փորձագետներ Մայքլ Կայթը (Իսրայել), Նատալյա Ցվարցելիձեն (Վրաստան):