29/04/2016 20:00
Ոչ-ոք իրավունք չունի աշխատանքից ազատել այն մարդուն, ով հայրենիքն է պաշտպանում, դա առնվազն անբարոյականություն է. Եգոր Գլումովը ահազանգում է
Ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը այն հայտնիներից է, ով Զինկոմիսարիատի՝ սահման մեկնելու հրավերին առաջինն է արձագանքել: Հետախուզական դասակի հրամանատարն արդեն գրեթե երեք շաբաթ է՝ գտնվում է հայաստանա-ադրբեջանական սահմանին, կազմ ու պատրաստ՝ դիմակայելու թշնամուն:
Օրեր առաջ համացանցում տարածվեցին տեղեկություններ այն մասին, որ ապրիլյան պատերազմով պայմանավորված՝ կամավորական սկզբունքով սահման մեկնած ազատամարտիկները գործատուների հետ խնդիրներ են ունենում:
«Այո, այն կամավորներն, ովքեր աշխատում են ոչ պետական հիմնարկներում, արդեն իսկ խնդիրներ ունեն աշխատավայրերում. Մեկին ընկերն է զանգել ասել, որ իր տեղը նոր մարդ են ընդունել, մյուսին զանգել է գործատուն ու տեղեկացրել, որ հեռացված է: Մարդ կա, երկու շաբաթ առաջ է աշխատանքի ընդունվել, երկու շաբաթ աշխատելուց հետո եկել է սահման ու հիմա հեռացրել են քիչ է, աշխատած երկու շաբաթների գումարն էլ չեն տալու: Վարկ ունեցող տղաները խնդիրներ ունեն բանկերի հետ, քանի որ քաղաքում չեն ու չեն կարող վճարել՝ տույժերի են ենթարկվել»,-Aysor.am-ի հետ զրույցում վրդովված տեղեկացրեց Ե. Գլումովը:
Նա ընդգծեց, որ այս մասին բարձրաձայնում է, քանի որ երևույթը մասսայական բնույթ է կրում. «Ճիշտ է, տղաները հույս ունեն, որ վերադառնալուց հետո իրենց հարցերն անձամբ կլուծեն, բայց ուզում եմ, որ հասարակությունը գիտակցի, որ եթե մարդիկ եկել են սահման՝ իրենց կյանքը վտանգելով, ապա չի կարելի այդպես վերաբերել: Չէ՞ որ այս տղաները ոչ միայն սեփական ընտանիքի անդամներին են պաշտպանում, այլ նաև իրենց, որպեսզի բանկում կամ մեկ այլ հաստատությունում հանգիստ աշխատեն»:
Նրա՝ մոտ 30 հոգանոց դասակից 6-7 հոգի արդեն իսկ այդ խնդրի հետ բախվել են, բնականաբար՝ խնդիրն առկա է նաև սահմանային տարբեր հատվածներում: «Որպեսզի ասածս շատերի մոտ սխալ չընկալվի՝ ասեմ, որ ես աշխատավայրում որևէ խնդիր չեմ ունեցել, ու չեմ էլ կարողանում պատկերացնել, թե ինչպե՞ս կարող է այսպիսի առաքելության համար խնդիր առաջանալ: Ոչ-ոք իրավունք չունի աշխատանքից ազատել այն մարդուն, ով հայրենիքն է պաշտպանում, դա առնվազն անբարոյականություն է»,-եզրափակեց հաղորդավարը: