29/04/2016 16:47
Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ թատրոնի գողության մասին
Այսօր կայքերից մեկը լուր տարածեց այն մասին, որ օրեր առաջ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնից հափշտակել են Արցախի Հանրապետության օգնության համար նախատեսված հանգանակության արկղը, որի մեջ եղել է 2 մլն 500 հազարից մինչև 3 մլն ՀՀ դրամ: Գողացվել է նաև մի քանի համարկարգիչ:
Aysor.am-ը կապ հաստատեց թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Վարդան Մկրտչյանի հետ՝ տեղեկանալու մանրամասներին: «Թատրոնում մենք մեր ուժերով զոհված զինվորների ընտանիքների համար դրամահավաքի միջոցով հավաքել ենք մոտ 1 միլիոն դրամ, բայց, Փառք Աստծո, գողերն այդ գումարը չէին նկատել, որ տանեն: Մենք այն հասցեատերերին կհասցնենք երկուշաբթի կամ երեքշաբթի օրը, իսկ առևանգված գումարը՝ մոտ 3 միլիոն դրամ կամ ավելին, հավաքվել էր թատրոնի շենքի կառուցման նպատակով՝ հանդիսատեսի կողմից: Թատրոն այցելելով՝ մարդիկ տարբեր չափսի գումարներ էին գցում այդ տուփի մեջ: Այն ապակե թափանցիկ արկղ էր, որը բակում կոտրել են, քանի որ բացելու տեղ չուներ: Նրանք մտել են ընդունարան և իմ աշխատասենյակ, որը գտնվում է առաջին հարկում»,-նշեց մեր զրուցակիցը:
Գողությունը տեղի է ապրիլի 23-ի առավոտյան՝ ժամը 06:00-ի շրջանակներում: «Իմ հեռախոսին զանգահարել են առավոտյան 06:29 րոպեին՝ մի քանի անգամ, բայց քանի որ քնած եմ եղել, հեռախոսիս ձայնն էլ անջատված՝ չեմ պատասխանել: Այդ մասին իմացա ժամը 08:00-ի կողմերն ու անմիջապես իրավապահների հետ գնացի թատրոն»,-մանրամասնեց գեղարվեստական ղեկավարը:
Գումարի հետ մեկտեղ գողացվել են նաև փոխտնօրենի երկու համակարգիչները և այլ իրեր. «Շատ ապրանքներ էլ ջարդուփշուր են արել՝ մեծ վնաս հասցնելով թատրոնին: Այնպես որ, հասցված ընդհանուր վնասն առավել շատ է, քան՝ 3 միլիոնը»:
Հարցին՝ թե շենքի հսկիչը ավազակների անցուդարձը չի նկատել, պատասխանեց. «Հսկիչը պահակակետում է եղել ու հենց ինքն է ահազանգել. նա տեսել է, որ երկու հոգի վազելով դուրս են գալիս շենքի տարածքից, ետևներից գոռացել է, բայց կարողացել են շենքերի արանքներով փախչել»:
Այս գործով, բնականաբար, զբաղվում են իրավապահ մարմինները: Տուժող հաստատության ղեկավարը, թեև ունի ենթադրություններ հանցագործների վերաբերյալ, բայց այդ մասին բարձրաձայնել դեռևս չցանկացավ:
«Սպասում եմ համապատասխան մարմինների եզրակացությանը, որից հետ անպայման կխոսենք: Ես լավատես եմ ու ներքին համոզվածություն ունեմ, որ պետք է բացահայտվի դեպքը: Ինքս որևէ մեկին չեմ կասկածում, իրավունք էլ չունեմ կասկածելու, քանի որ դրա համար հիմքեր են անհրաժեշտ: Թողնենք այդ հարցը իրավապահներին»,-ասաց տնօրենը:
Նկատառմանը, թե կարող է արդյոք Թատերական ինստիտուտի ուսանողների մատը խառը լինել այս պատմությանը, Վարդան Մկրտչյանը պատասխանեց. «Տա Աստված, որ նման բան չլինի: Եթե իմ ուսանողների մատը խառը լինի, ես շատ կտխրեմ, շատ-շատ: Դա նրանց կողմից ամենավատ պատասխանը կլինի մեր այս տարիների կատարած աշխատանքին»:
Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ րոպեներ առաջ բացահայտվել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնից կատարված գողությունը: Aysor.am-ը կշարունակի հետևել իրադարձություններին և մանրամասներ հաղորդել: