29/04/2016 19:23
Հայաստան կժամանի «Գրեմիի» մրցանակակիր Միխաիլ Պլետնյովը
«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, «Գրեմմի» մրցանակակիր, Միխաիլ Պլետնյովը: Հռաչավոր դաշնակահարի մենահամերգը տեղի կունենա մայիսի 10-ին ժամը 19:30-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Միխայիլ Պլետնյովը փայլուն դաշնակահար է, գերազանց դիրիժոր, հիանալի կոմպոզիտոր, ուշագրավ անհատականություն և արվեստագետ, որը չի ենթարկվում ավանդական դասակարգումների։
«Ապշեցուցիչ ճարտարությունը և փայլուն սրամտությունը նրա դաշնամուրային կատարումների հիմնասյուներն են: Դիրիժորի փայլուն կարիերան կարծես թե դարձրել է նրա նվագը ավելի սիմֆոնիկ, իսկ հնչյունը՝ ավելի ֆանտաստիկ» («Դի վելթ»)։
1957թ. Արխանգելսկում ծնված Պլետնյովն իր տաղանդն ի ցույց է դրել վաղ տարիքում՝ Մոսկվայի կոնսերվատորիա ընդունվելով 13 տարեկան հասակում։ 1978թ. արժանացել է առաջին մրցանակի և ոսկե մեդալի Չայկովսկու անվան վեցերորդ միջազգային մրցույթում: Այդ ժամանակվանից ի վեր նա՝ որպես մենակատար, անթիվ քանակությամբ ելույթներ է ունեցել աշխարհի ամենանշանակալից նվագախմբերի եւ դիրիժորների հետ:
1990թ. Պլետնյովը հիմնադրել է Ռուսաստանի ազգային նվագախումբը, որն այսօր համարվում է աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը. ամեն տարի, Պլետնյովի և այլ ականավոր դիրիժորների ղեկավարությամբ այն շրջագայում է Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում: 1996թ. Ատլանտայում նվագախմբի ելույթով է բացվել օլիմպիական խաղերը:
Պլետնյովը 1993-ից ձայնագրվում է «Դոյչե գրամոֆոն» ֆիրմայի համար, իսկ նրա սկավառակները բազմիցս առաջադրվել են «Գրեմմի» մրցանակին: «Եթե երաժշտությունը մշակում է ժամանակը, ապա ժամանակը Պլետնյովի համար չի կարող չափվել տեխնիկական առումով, այլ ավելի շուտ՝ բարձր արվեստի անսահմանությամբ, լարվածությամբ և դրա լուծմամբ» («Կրեշչենդո», Բեթհովենի շարքի մասին)։
«Լոնդոն թելեգրաֆը» նշել է. «Պլետնյովի մատներից և ուղեղից գալիս են գաղափարներ, որոնք կենդանացնում են երաժշտությունը և այն հարստացնում թարմությամբ ու սրամտությամբ։ [Նա] երաժշտությունը դարձնում է դրականորեն ցնծալի»:
Նրա նվագը «Թայմսը» նկարագրում է որպես «ծնված երևակայության ապշեցուցիչ ճարտարությունից, ցնցող՝ իր գեղեցկությամբ»: Բի Բի Սիի երաժշտական հանդեսը Սկարլատիի դաշնամուրի սոնատի նրա կատարումը (որն արժանացել է 1996թ. «Գրամոֆոն» մրցանակին) համարել է «դաշնամուրի կատարման մեծագույն դրսևորում… միայն այս կատարումը բավական է, որպեսզի Պլետնյովը դասվի երբևէ եղած մեծագույն դաշնակահարների շարքին»:
Պլետնյովը նաև միջազգային ճանաչման է արժանացել որպես կոմպոզիտոր: 1998թ. նրա Ալտի կոնցերտի պրեմիերան` նվիրված Յուրի Բաշմետին (վերջինս նաև կատարողն էր) ոգևորությամբ է ընդունվել ինչպես մամուլի, այնպես էլ հանրության կողմից։ Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» և «Քնած գեղեցուհին» բալետների նրա մշակումները դաշնամուրի համար լեգենդար են. աշխարհի դաշնակահարների համար դրանք դարձել են տեխնիկական քննություններ, որոնք ցույց են տալիս գործիքին տիրապետումը։
Պլետնյովը հաճախակի է արժանացել պետական պատիվների և միջազգային մրցանակների, այդ թվում` «Գրեմիի» (2005): 2007թ. նա արժանացել է ՌԴ նախագահական մրցանակի և «Հայրենիքի հանդեպ ծառայությունների համար» շքանշանի: