29/04/2016 20:24
Շատ հաճելի ու անսպասելի էր, որը երբեք չեմ մոռանա. «Քաղաքումի» Լոմիկը նշում է 29-ամյակը
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Վիգեն Թադևոսյանը, ում հեռուստադիտողը ծանոթ է նաև «Շանթ» հեռուստաընկերության «Քաղաքում» սերիալից՝ Լոմիկի կերպարով, այսօր նշում է ծննդյան 29-րդ տարեդարձը: Aysor.am-ը շնորհավորելով հոբելյարին՝ հետաքրքրվեց, թե որտե՞ղ և ի՞նչ միջավայրում է անցկացնելու տոնական օրը և որո՞նք են նրա՝ արդեն իսկ ստացած անակնկալները:
«Քանի որ ես Եղվարդից եմ, ծննդյանս օրն անցկացնելու եմ հայրական տանս՝ ծնողներիս հետ, ընտանեկան միջավայրում: Ինչ վերաբերում է անակնկալներին, ապա այն սիրելի կնոջս կողմից է եղել՝ կեսգիշերին: Շատ հաճելի ու անսպասելի էր, որը երբեք չեմ մոռանա, բայց մանրամասնել էլ չեմ ցանկանա»,-ժպիտով անկեղծացավ նա:
Դերասանի համար այս տարվա լավագույն նվերը հայր դառնալն է, ինչին սպասում է անհամբերությամբ ու սրտի թրթիռով: «Այս տարվա ամենամեծ նվերը մեր առաջնեկի լույս աշխարհ գալն է: Միշտ հարցնում են, թե մինչ այս ծննդյանս ո՞ր տարեդարձն է ինձ համար ամենահիշարժանը եղել. կասեմ այսպես՝ հենց այս տարի, քանի որ այն անցկացնելու եմ կնոջս ու նրա ներսում ապրող առաջնեկիս հետ»,-խոստովանեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, 2015 թվականի ամռանը ամուսնացած դերասան-ամուսինները փոքրիկի լույս աշխարհ գալուն սպասում են աշնանը: Երեխայի անվան հարցում դեռևս չեն շտապում՝ հենց սեռն իմանան՝ անունն էլ կորոշեն:
Ծննդյան շնորհավորանքները բազմաթիվ են: Երբ Վիգեն Թադևոսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կմաղթի ինքն իրեն՝ պատասխանեց. «Այս անգամ ինձ մաղթանք չեմ հղի, առանց այդ էլ տարբեր շնորհավորանքներ ու ցանկություններ եմ լսում: Իմ մաղթանքն ուզում եմ ուղղել մեր զինվորներին. մեր սահմաններում խաղաղություն թող լինի, զինվորներն անփորձանք ծառայեն ու բարով վերադառնան իրենց օջախներ»: