02/05/2016 20:28
Գևորգ Չուլյանը, Արտաշես Մխիթարյանը, Անժելա Սարգսյանը, Գրիշա Աղախանյանը և այլք՝ «Փորձաշրջան» կինոկատակերգությունում
Aysor.am-ը իր ընթերցողներին տարեվերջին տեղեկացրել էր ռեժիսոր Քաջայր Հակոբյանի նոր՝ «Փորձաշրջան» կատակերգության մասին: Ֆիլմի՝ դեկտեմբերին սկսված նկարահանումներն արդեն ավարտվել են, այն մեծ էկրաններին կլինի մայիսի 25-ից:
«Սիրային կատակերգություն է: Տուրիստական գործակալության տերերը գլխավոր հերոսներից երկուսին, որոնց մարմնավորում են Արտաշես Մխիթարյանը և Թամարա Պետրոսյանը, աշխատանքի ընդունվելու համար փորձաշրջան են տալիս՝ հետագայում նրանցից մեկին ընտրելու նպատակով: Բնականաբար, տղաները ցանկանում են, որ իրենց ընկերը լավ դրսևորվի, աղջիկներն՝ իրենց ընկերուհին: Հենց այստեղ էլ ամեն մեկը սկսում է յուրովի խանգարել հակառակորդ թիմին»,- մանրամասնեց դերասան Գևորգ Չուլյանը:
Հանդիսատեսը նրան առավել ծանոթ է Շանթ հեռուստաընկերության «Բանակում» սերիալից՝ Սամվել Մուսայելյանի կերպարով: «Փորձաշրջանում» դերասանը հանդես է գալիս գլխավոր հերոսի երկու ընկերներից մեկի՝ Աբրահամ Վարոսյանի կերպարում: Նրա խոստովանությամբ՝ այս կերպարը լիովին տարբերվում է իր նախորդ կերպարներից. «Սկզբում խոսակցություններ կային, որ ինձ վստահվելու է գլխավոր հերոսի դերը, բայց երբ ամեն ինչ փոփոխվեց, ուրախացա, քանի որ այսպիսի կերպարում երբեք չէի հայտնվել: Նոր կերպարս արտառոց է, մնացած բոլոր դերերիցս տարբերվող՝ թե՛ արտաքինով, թե՛ խաղով: Հերոսս համակարգչային օպերատոր է, ով առանձնանում է նախ և առաջ իր ոճով. ժամանակակից, միևնույն ժամանակ կարդացած և խելացի երիտասարդ է, 3 ընկերների մեջի պրոֆեսորը: Ինձ համար շատ հետաքրքիր էր նկարահանման ընթացքը, կարծում եմ՝ բարի ու գեղեցիկ ֆիլմ է ստացվել»:
Վերջին շրջանում հայկական ֆիլմարտադրությունը բավական ակտիվ փուլում է, սակայն այդ ֆիլմերի մեծամասնությունը կատակերգության ժանրում է: Թե որքանով «Փորձաշրջանը» մրցունակ կլինի կամ ինչո՞վ կառանձնանա մյուսներից, դեռևս հայտնի չէ: «Ինձ էլ է հետաքրքրում, թե ինչ հավանության կարժանանա ֆիլմը, հատկապես, որ վերջին ամիսներին կատակերգական շատ ֆիլմեր են նկարահանվել: Բայց եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ այս ժանրի գրեթե բոլոր ֆիլմերում նույն դեմքերն են: Ինձ թվում է՝ այդ առումով մենք կտարբերվենք»,-վստահեցրեց մեր զրուցակիցը:
Սցենարի հեղինակն է Մհեր Հովհաննիսյանը: Նկարահանվել են նաև Գրիգոր Աղախանյանը, Անժելա Սարգսյանը, Կայա Խուրշուդյանը, Մոնիկա Նազարյանը, Արսեն Հակոբյանը: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի գեղատեսիլ վայրերում՝ Ջերմուկ, Ծաղկաձոր, Զվարթնոց…