03/05/2016 20:13
Երևան-Սոչի ողբերգական թռիչքից 10 տարի անց. «Դա վերք է, որը երբեք չի սպիանա»
Ուղիղ 10 տարի առաջ՝ մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը, Երևան-Սոչի չվերթը ողբերգությամբ ավարտվեց: Ինքնաթիռն ընկավ Սև Ծովը, որի հետևանքով զոհվեցին անձնակազմի բոլոր 8 անդամներն ու 105 ուղևորները:
Պատերազմներն ու դժբախտություններն արվեստագետների, հատկապես ռեժիսորների համար հումք են դառնում: Արդյունքում ծնվում է մի նոր ֆիլմ կամ կտավ… Երիտասարդ ռեժիսոր Ելենա Արշակյանը միակն էր, ով համարձակվեց անդրադառնալ Սոչիի ողբերգությանը՝ իրական պատմությունը մատուցելով գեղարվեստական երանգներով:
«2006 թվականին, երբ այս չարաբաստիկ դեպքը տեղի ունեցավ, ես ուսանողուհի էի, սովորում էի Թատերական ինստիտուտում: Վստահ կարող եմ ասել, որ դա ժամանակակից հայ պատմության ամենասև էջերից մեկն է: Ինչպես յուրաքանչյուրը, ես էլ շատ ծանր տարա այդ ամենը, բայց մտքովս չէր անցնում, որ երբևէ ֆիլմ կնկարահանեմ այս թեմայով: Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ ցանկանում էի նկարահանել իրական սիրո պատմություն ներկայացնող ֆիլմ, բայց երբեք չէի մտածել, որ այն կապված կլինի համամարդկային ողբերգության հետ: Այնպես ստացվեց, որ պատահաբար ես և սցենարիստ Անահիտ Մխիթարյանը ծանոթացանք մի աղջկա սիրո պատմությանը, որն անմիջական կապ ուներ այդ չարաբաստիկ չվերթի հետ: Այդպես էլ ծնվեց թեման: Բայց մի բան պարզ էր՝ մենք ֆիլմ-աղետ չենք ներկայացնելու»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ելենա Արշակյանը:
«Անավարտ թռիչքի» նկարահանման նախապատրաստական աշխատանքներն առավել դժվար էին, քան՝ ֆիլմի նկարահանման ընթացքը: Դա իր բացատրությունն ուներ՝ ամեն ինչ իրական էր, իսկ իրական ողբերգության մասին լսելու ու այդ լսածը վերարտադրելու համար ուժ ու համբերություն է պետք:
«Թեև ֆիլմում գեղարվեստական հորինվածք ևս կա, բայց իրական էր և՛ մեր հերոսուհին, և՛ նրա սիրո պատմությունը: Շա՜տ դժվար էր սկզբում, պետք էր վստահություն ձեռք բերել… Ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքներից արդեն 4 տարի է անցել ու հիմա լավ ընկերներ ենք. ոչ միայն իրական հերոսուհին է դարձել ինձ հարազատ մարդ, այլ նաև այն մարդիկ, ովքեր այդ օրը կորցրել էին իրենց հարազատներին: Ընտանիքներից մի քանիսի հետ շատ մտերիմ ենք, ուրախ եմ, որ իրենց դուր է եկել այս ֆիլմը: Գիտեմ՝ ֆիլմով չէ, որ պետք է հիշեցնեմ իրենց հարազատների մասին, դա վերք է, որը երբեք չի սպիանա: Բայց մի կողմից էլ սփոփիչ է, որ այդ մարդիկ լուսանկարներից բացի ֆիլմի տեսքով հուշ ունեն: Մեր զոհվածների հարազատները, չգիտակցելով դա, ինձ և Անահիտին մեծ ուժ են տվել: Շնորհակալ եմ, որ միշտ մեր կողքին են եղել»,-վերհիշեց և անկեղծացավ ռեժիսորը:
Որքան ողբերգությունը թարմ է, այնքան հույզերն ու ապրումները մեծ են: «Թեկուզ գեղարվեստորեն, բայց միշտ էլ դժվար է ողբերգությանն անդրադառնալը, հատկապես, երբ տասնյակ տարիներ չեն անցել: Ամեն ինչ այնքան թարմ է: Նախ, որպես կին շատ դժվար էր հենց այն ժամանակ, երբ քննչական գործն էի ուսումնասիրում… Բայց արդեն վստահորեն կարող եմ ասել՝ իմ և ստեղծագործական խմբի ունեցած դժվարություններն այսօր արդարացված են»,-հուզմունքով ընդգծեց ռեժիսորը:
Ելենա Արշակյանն այսօր էլ աշխատում է նոր ֆիլմի վրա: Ունի՞ այն իրական պատմություն, թե՞ այս անգամ ամեն ինչ մտացածին է, դեռևս չի մանրամասնում: Սկզբունքին համաձայն՝ ասում է, որ ժամանակը կգա, ամեն ինչ պարզ կլինի: