04/05/2016 10:01
Սաֆարյան. ԼՂՀ-ն ճանաչելու մասին նախագիծը շրջանառության մեջ է դրվել որպես նախազգուշացում Ադրբեջանին
«Իմ տպավորությամբ ԼՂՀ-ն ճանաչելու մասին նախագիծը շրջանառության մեջ է դրվել որպես նախազգուշացում Ադրբեջանին»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
«Այս օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունից ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է, ստեղծված իրավիճակին: Եվ իմ տպավորությունն այն է, որ այդ նախագիծը շրջանառության մեջ է դրվել որպես նախազգուշացում, որ եթե իրավիճակի կտրուկ փոփոխություններ լինեն և Ադրբեջանը շարունակի իրավիճակը լարելու տենդենցը, Հայաստանը պարզապես կճանաչի ԼՂՀ անկախությունը: Այս նախագծում շատ հետաքրքիր էր Կառավարության եզրակացությունը, որում բացահայտ ասվում էր, որ Հայաստանը մինչ այժմ միայն խաղաղության դիմաց, բանակցությունների շարունակումն ապահովելու համար չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, բայց եթե չկա խաղաղություն, ապա կճանաչի: Թերևս, դա քայլ է՝ կամ նախապատրաստվելու ևս մեկ նախապատերազմական ալիքի, կամ կանխելու այն»,-ասել է Սաֆարյանը: