04/05/2016 15:51
«Արմմոնո» միջազգային փառատոնի ընթացքը կցուցադրվի ֆիլմով
«Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնի ընթացքը կներկայացվի նոր ֆիլմով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
Նա տեղեկացրեց, որ ֆիլմը նկարահանել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները և ընդգծեց, որ դա դիպլոմային աշխատանք է, որը ներկայացնում է փառատոնի ամբողջ ընթացքը:
«Փառատոնի ամբողջ ընթացքում ուսանողները նկարահանումներ են իրականացրել, հուսամ, որ ֆիլմ ունենալն ավանդական կդառնա: Երբ այն ավարտեն, հանդիսավոր ցուցադրություն կլինի»,- ասաց նա:
Մ. Միխիթարյանի խոսքով՝ կազմակերպիչները չգիտեին` փառատոնը կկայանա՞, թե՞ ոչ` հաշվի առնելով արցախյան վերջին իրադարձությունները, հետևաբար փառատոնի բացումը հանդիսավոր կերպով տեղի չունեցավ: «Մենք հարմար չգտանք փառատոնի բացումը և փակումը տոնական անցկացնել: Դա անհարգալից վերաբերմունք կլիներ այն իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի ունեցան ապրիլի սկզբում, իսկ այն փաստը, որ մեր հյուրերից և ոչ ոք չհրաժարվեց գալ, ուժ տվեց մեզ»,-նշեց փառատոնի տնօրենը:
Փառատոնի տնօրենը տեղեկացրեց նաև, որ այդ օրերին ձևավորվել էր ստեղծագործական մթնոլորտ, և յուրաքանչյուր հանդիսատես գտել է իր նախընտրած ներկայացումը:
«Ցանկացած փառատոն տոն է, որը լուրջ աշխատանք է պահանջում: Հայ դերասանների փառատոնային ներկայացումները կցուցադրվեն արտասահմանյան մի շարք երկրներում»,- ասաց նա: