06/05/2016 09:24
Եթե աշխարհի բոլոր ազգերն առաջնորդվեին «նեղացածություններով», ապա դաշնակից պետություններ չէին լինի. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Վերջերս Ֆեյսբուքում մի քննարկման ժամանակ բազմաթիվ օգտատերերի մեկնաբանություններից ես հասկացա, որ մենք՝ հայերս, պարտավոր ենք հակասեմիթ (հակահրեա) լինել, որովհետև պատմության ընթացքում հրեաները, իսկ այնուհետև Իսրայել պետությունը մեզ արել են այսինչ և այնինչ «վատությունները»: Դրանից հետո բերվում են բազմաթիվ՝ իրական, մտացածին և մեծ մասամբ կոնսպիրոլոգիական փաստարկներ:
Չքննարկենք դրանք և մի պահ ենթադրենք, որ բոլորն էլ ճիշտ են: Բայց այդ դեպքում մենք «նույն հաջողությամբ» պետք է լինենք հակաարաբ, հակապարսիկ, հակագերմանացի, հակառուս և հակաանգլիացի, որովհետև մեր դարավոր պատմության ընթացքում այդ ազգերը կամ նրանց պետությունները մեզ նույնպես բազմիցս «նեղացրել են»:
Այո, կարելի է գենետիկ հիշողության մակարդակով կրել որոշակի հոգեբանական «սպիներ»: Բայց դրանք առաջին պլան մղելը բացարձակապես անընդունելի է, երբ դու ունես պետություն և փորձում ես ձևակերպել դրա շահերը: Եթե աշխարհի բոլոր ազգերն առաջնորդվեին այդ «նեղացածություններով», ապա դաշնակից և բարեկամ պետություններ չէին լինի: Քանի որ նրանք դաշնակից են ոչ թե այն պատճառով, որ ողջ պատմության ընթացքում իրար հետ խնդիրներ չեն ունեցել, այլ որովհետև պատմության տվյալ ժամանակահատվածում նրանց շահերը համընկնում են: Դա նշանակում է նաև, որ հաջորդ ժամանակահատվածում այդ շահերը կարող են հակասել»: