06/05/2016 09:14
«Էյր Արմենիան» պարտքի դիմաց բանկին է տվել ընկերության գրասենյակը
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը իր պարտատեր համարվող բանկերից մեկին պարտքի դիմաց տվել է ընկերության գրասենյակը։ Այժմ ընկերության ղեկավարությունը նոր գրասենյակ է փնտրում։ Ընկերության մամուլի քարտուղար Սիրակ Համբարձումյանից «Ժողովուրդը» տեղեկացել է, որ այս ընթացքում ընկերությունը գտնվում է փաստաթղթերի վերականգնման գործընթացի մեջ։
«Հիմա հստակ չենք կարող ասել, թե երբ չվերթ կունենանք»,- ասել է մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 12-ին հայկական ավիաընկերությունը հայտարարել էր, որ իր բալանս է մուտք արվել 68 մլն դոլարի արժեթուղթ։ Սակայն նույն տարվա նոյեմբերի 2-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սնանկ էր ճանաչել «Էյր Արմենիային»։ Իսկ, ահա, այս տարվա մարտին Երևանի կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաստատեց «Էյր Արմենիա» ավիաընկերության առողջացման ծրագիրը։