06/05/2016 10:00
«Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետը ցուցմունք չի տալիս, իսկ կալանավորներն ուզում են գնալ ռազմաճակատ
«Հրապարակում» կարդում ենք. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում հերթական արտակարգ դեպքը տեղի ունեցավ մայիսի 4-ին։ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները, դատարանի որոշմամբ, գնացին «Նուբարաշեն»՝ խուզարկություններ կատարելու։ Կալանավորված անձինք ոստիկաններին դիմավորեցին անհնազանդության ակցիայով։ Թեև ՔԿ վարչությունից վստահեցնում են, որ ոչ թե անհնազանդություն է եղել, այլ՝ միջադեպ, որ «քննչական գործողությունները կատարվել են խցերից մեկում», և որ վարչակազմի արձագանքից հետո վիճակն արագ հարթվել է։ Անմիջապես այլ վարկածներ էլ ծնվեցին: Դրանցից մեկով՝ ոստիկանները կալանավորված անձանց ասել են, թե, իբրև, զենք են փնտրում խցերից մեկում, ինչը կալանավորվածներն անհավանական են համարել, իրենց լեզվով ասած՝ «կապիկություն»։ ՔԿՎ պետի խոսնակ Գոռ Ղլեչյանը չի հաստատել այս տեղեկությունը։
Հատուկ ջոկատայինների հեռանալուց հետո լուր տարածվեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանին ժամանակավորապես պաշտոնանկ են արել՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման համար հարուցված քրգործի պատճառով։ Իսկ նրա փոխարեն ԺՊ է նշանակվել անվտանգության պետ Վարուժան Եղիազարյանը։ ՀՔԾ-ից հայտնում են, որ Ստեփանյանին այսօրվա դրությամբ մեղադրանք չի առաջադրվել։ Նա, ինչպես ՔԿՀ համակարգում շատերը, նախկին ոստիկան է, ՆԳ նախկին նախարար Հայկ Հարությունյանի կադրերից, որին Արտյոմիչն իր հետ տարավ ՔԿՀ, երբ վարչության պետ էր աշխատում։ Նա նաև գեներալ Սեյրան Սարոյանի ազգականներից է։ Մեր տեղեկություններով՝ նա ցուցմունք տալուց հրաժարվել է։ Ռուբիկ Ստեփանյանը ՔԿՀ պետ է նշանակվել 2014-ին, և նրա օրոք համակարգում մի քանի անգամ ստուգումներ են եղել։ Նրա դեմ դժգոհությունը վաղուց էր կուտակվել, դեռևս այն ժամանակ, երբ բերդի պատերի մոտ սպանվեցին Երրորդմասցի Լյովիկն ու նրա ընկերները։ Այն ժամանակ ծառայողական քննություն նշանակվեց, բայց Ստեփանյանը մնաց իր պաշտոնին»։
Թերթի տեղեկություններով՝ ազատազրկված անձանցից շատերը տարբեր կալանավայրերում դիմումներ են գրել՝ պահանջելով թույլ տալ իրենց մեկնել ԼՂՀ, մասնակցելու ռազմական գործողություններին։ Դիմումատուների թվում թե նախկին ազատամարտիկներ են, որոնք, ինչպես հայտնի է, ՔԿՀ-ներում շատ են, թե պատերազմից հեռու մարդիկ, որոնք գտնում են, որ այսկերպ իրենց կյանքն ավելի օգտակար կլինի թե իրենց, թե հայրենիքի համար»։