06/05/2016 11:54
Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը հավանության կարժանանա. Գերմանացի պատգամավոր
Գերմանիայի Բունդեսթագը հավանության կարժանացնի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը հունիսի 2-ին, հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամ, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին:
«Այո, կարող եմ հայտարարել, որ հունիսի 2-ին ցեղասպանության բանաձևը Բունդեսթագի լիագումար նիստում քվեարկության է դրվելու և կարծում եմ՝ բանաձևի ընդունման հարցում Գերմանիայի խորհրդարանում կլինի մեծամասնություն, և բանաձևը հավանության կարժանանա», - ասաց Ա.Վայլերին այսօր Երևանում լրագրողներին:
Հիշեցնենք, որ բանաձևը Բունդեսթագ է ներկայացվել անցյալ տարի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության կողմից: Բանաձևի շուրջ վերջին քննարկումը եղել է այս տարվա փետրվարի 25-ին:
Գերմանացի պատգամավորը տեղեկացրեց նաև, որ այս պահին դեռևս բանակցություններ են ընթանում խմբակցությունների միջև:
«Կարող եմ արդեն հստակ հայտարարել, որ «ցեղասպանություն» բառը բանաձևում տեղ է գտնելու, ինչպես նաև բանաձևում անդրադարձ է լինելու Կայսերական Գերմանիայի պատմական պատասխանատվությանը: Բանաձևում տեղ գտած կետերից մեկի համաձայն՝ Գերմանիան կաջակցի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացմանը», - ասաց Ա.Վայլերին:
Նա նաև նշել է, որ արդեն իսկ թուրքական կողմից կան որոշակի արձագանքներ բանաձևի հետ կապված:
«Այդուհանդերձ, ինչպես կոալիցիոն կուսակցությունները՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Քրիստոնեա-սոցիալական միությունը և Գերմանիայի սոցիալ-տնտեսական միությունը, այնպես էլ ընդդիմադիր կանաչները ղեկավարության մակարդակով հայտարարել են, որ հունիսի 2-ին դա արվելու է, և ինձ համար էլ ևս կարևոր է, որ ընդունվի բանաձևը»,- հայտարարեց գերմանացի պատգամավորը: