06/05/2016 15:17
Դավութօղլուն հաջորդ խորհրդարանում շարքային պատգամավորի տեղ կզբաղեցնի. Գոչունյան
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն հավանաբար հաջորդ խորհրդարանում շարքային պատգամավոր կդառնա, այսօր հայտարարել է Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:
«Առաջիկայում Թուրքիայի կառավարությունը գուցե հրաժարական ներկայացնի, բայց ամեն ինչ կախված է մայիսի 22-ի համագումարից: Հավանաբար Դավութօղլուն հաջորդ խորհրդարանում շարքային պատգամավոր կդառնա», - ասել է Ա.Գոչունյանը լրագրողներին Երևանում:
Նրա խոսքով՝ Դավութօղլուն հրաժարական որպես այդպիսին դեռևս չի նեկայացրել:
«Վարչապետի պաշտոնն այս պահին թափուր չէ: Նա ընդամենը հայտարարել է, որ հաջորդ համագումարին իր թեկնածությունը չի առաջադրելու»,- ասաց Ա.Գոչունյանը:
«Խորհրդարանի մեծամասնությունը, որը զբաղեցնում է «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը, որոշել են գնալ արտահերթ համագումարի: Այդ ընտրություններից հետո պարզ կդառնա, թե ով կզբաղեցնի այդ աթոռը: Կընտրվի նոր կուսակցապետ, որից հետո վարչապետ Դավութօղլուն կներկայացնի հրաժարական, այնուհետև՝ կառավարությունը», - մանրամասնեց Ա.Գոչունյանը: