06/05/2016 18:11
ԼՂՀ ԱԳՆ. Միջազգային հանրության ներկայացուցիչները ներքաշվում են Բաքվի քարոզչական արշավին
Ապրիլի սկզբին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու փորձի ձախողումից հետո Ադրբեջանը ձգտում է կեղծիքի եւ մեքենայությունների միջոցով իրեն ներկայացնել որպես զոհ եւ խուսափել պատասխանատվությունից՝ ռազմական ագրեսիայի սանձազերծման ու դրան ուղեկցող բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար, News.am-ին ասել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը:
«Մասնակցելով ադրբեջանական կողմի վատ բեմադրված ակցիաներին՝ միջազգային հանրության ներկայացուցիչներն ակամայից թույլ են տալիս իրենց ներքաշել պաշտոնական Բաքվի քարոզչական արշավին՝ ուղղված Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործունեության արդարացմանը», - նշել է Ա.Սարգսյանը:
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը համոզված է, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իսկապես օբյեկտիվ պատկերացում կազմելու եւ ադրբեջանական ագրեսիայի պատճառների եւ հետեւանքների մասին բազմակողմանի տեղեկատվություն ստանալու համար դիվանագետները եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է, առաջին հերթին, այցելեն հենց ԼՂՀ։
«ԼՂՀ իշխանություններն պատրաստ են բազմակողմանի աջակցություն ցուցաբերել նման այցելության կազմակերպման հարցում», - ասել է Ա.Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար Ադրբեջանի ԱԳՆ այց էր կազմակերպել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծ: