06/05/2016 12:04
Մինասյան. Արցախի ճանաչումը Հայաստանին թույլ կտա բանակցություններում նոր պայմաններ առաջադրել
Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը չի կարող ռազմական գործողությունները կանխող դեր ունենալ, Aysor.am-ի թղթակցին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Արցախի ճանաչման հարցն ավելի շատ զսպող դեր ունի Ադրբեջանի համար: Եթե ռազմական գործողություններ սկսվեն՝ Արցախի ճանաչումը դրանք չի կանխի», նշեց Ս.Մինասյանը:
Նրա խոսքով, հետագայում ռազմական գործողություններն ավարտվելուց և բանակցային գործընթացի մեկնարկից հետո Հայաստանն արդեն այդ ճանաչման կետից է առաջադրելու իր պայմանները:
«Բնականաբար կփոխվի նաև Մադրիդյան սկզբունքների այն դրույթը, որով պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը», - ընդգծեց Ս.Մինասյանը:
Քաղաքագետը նաև վստահություն հայտնեց, որ Արցախի ճանաչման մասին օրինագիծը՝ Հայաստանի կառավարությունում հաստատվելու դեպքում, դեռ երկար կմնար Ազգային Ժողովում:
«Մեր ամբողջ նպատակն այս պահին ոչ թե ճանաչումն է, այլ բարձրաձայնելը դրա մասին», - ասաց Ս.Մինասյանը: