06/05/2016 15:43
Թուրքիայի խորհրդարանում բռնություների կերպարը հայերի երազած կերպարանքը չէ. Արա Գոչունյան
Թուրքիայի Խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի նկատմամբ ռասիստական հետապնդում չի իրականացվում: Այսօր հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց Թուրքիայի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն, ով ընդգծեց, որ նախ պետք է հասկանալ, թե Փայլանն ինչ նպատակ է հետանդում և որտեղ է հասել, որից հետո միայն համապատասխան գնահատականներ հնչեցնել:
«Եթե Փայլանն համարում է, որ իր նպատակին հասել է, ապա ասելու բան չունեմ, իսկ եթե չի հասել, ապա պետք է վերանայի իր դիրքորոշումը: Կոնկերտ ես չեմ հասկանում, թե ո՞րն է նրա նպատակը»,- ընդգծեց նա՝ հավելելով. «Քաղաքական գործիչը աննպատակ կամ ինքնանպատակ քայլեր չպետք է անի»:
Գոչունյանի խոսքով՝ թուրքական քաղաքական իրականության մեջ այսօր հարաբերությունները նեղ կուսակցական հարթության վրա են ձևավորվում, հետևաբար ասել, թե Գ. Փայլանի նկատմամբ ռասիստական հետապնդում է իրականացվում, տեղին չէ:
«Երեսփոխան չեն ընտրվում ազգային պատկանելության վրա: Խորհրդարանականները ընտրված են որպես Թուրքիայի քաղաքացիներ՝ երկրի խնդիրներով զբաղվելու համար: Իսկ առաջացած լարված մթնլորտում միջկուսակցական պայմաններում ազգային պատկանելությանը վերագրելը և ուրիշ այլ հանգամանքներով դա բացատրելն՝ առողջ չէ: Այսօր հայազգի ներկայացուցիչներ կան խորհրդարանի գրեթե բոլոր խմբակցություններում»,- ասաց նա:
Լրագրողը նշեց նաև, որ Թուրքիայի խորհրդարանում բռնություների կերպարը հայերի երազած կերպարանքը չէ և որպես օրինակ նա հիշեց Գ. Զոհրապին. «100 տարի առաջ Օսմանյան Խորհրդարանի պատգամավոր Գ. Զոհրապի կշիռն անհամամեմատելի է այսօրվա իրականության հետ: Մենք չենք հիշում, որ Գ.Զոհրապը Խորհրդարանում ինչ-որ կռվի մասնակցած լիներ»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի պատգամավորները քննարկումներից մեկի ժամանակ ծեծկռտուք էին սարքել, որը մեծ աղմուկ էր բարձրացրել: Ըստ տեղեկությունների՝ ծեծկռտուքից տուժել էր նաև հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, ով վերջին շրջանում Թուրքիայի խորհրդարանում աչքի էր ընկնում իր սուր քննադատություններով: