06/05/2016 09:38
Թևան Պողոսյան. Կարդալով «սերմնաբջիջ»` հասկանում են պոռնոինդուստրիա
Ընդդիմադիր պատգամավոր Թևան Պողոսյանը նոր օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որը մեծ հնչողություն է ստացել: Նախագծով առաջարկվում է պետության երաշխավորմամբ 18 տարեկան նորակոչիկների սերմնաբջիջները պահպանել ստեղծվելիք համապատասխան բանկում: Այս նախաձեռնությունը քննադատությունների պակաս չունեցավ, պատգամավորին համարեցին նույնիսկ «զինվորի մահվան դատավճիռ գրող»:
«Իրատեսի» հետ զրույցում Պողոսյանն ասել է. «Այս նախագծում որևէ պարտադրանք չկա, այսօր մենք ունենք օրենք, որը կամավորության սկզբունքով է աշխատում: Ընդամենն այդ օրենքում մի փոփոխություն եմ արել` պետությունը պետք է երաշխավորի 18 տարեկան նորակոչիկների սերմնահեղուկի պահպանումը: Մարդիկ առանց ընկալելու փորձում են եզրակացություններ անել կամ, կարդալով «սերմնաբջիջ», հասկանում են պոռնոինդուստրիա, ինչը ցույց է տալիս, որ դպրոցում կամ կյանքում սեռական կրթություն չեն ստացել: Շատ քննադատությունների հումորով եմ վերաբերվում, այն տեսակետները, որոնցում ռացիոնալ հատիկ կա, փորձելու եմ հօգուտ նախագծի ծառայեցնել: Կառավարության հետ հարցը քննարկել ենք, գործադիրում այլ մոտեցում ունեն, քանի որ ֆինանսական խնդիրներ կան»:
Ներկայացրելով աշխարհում այդ փորձի կիրառնման օրինակներ՝ պատգամավորն ասել է. «Իսրայելը դա անում է, ԱՄՆ-ը փորձնական տարբերակով է իրականացնում: Այն երկրներում, որոնք պատերազմական վիճակում են, այս օրենքը քննարկվում է: Հետո էլ, ինչո՞ւ պետք է նայենք, թե աշխարհում ինչ փորձ կա: Արդյոք աշխարհի բոլոր տեղերում կա՞ ղարաբաղյան կոնֆլիկտ, արդյոք աշխարհում բոլորի թշնամին Ադրբեջա՞նն է: Եկեք մեր տեսանկյունից հարցը դիտարկենք: Կարծում եմ՝ այս նախագծի քննադատություններն ավելի շատ ուղղված են անձի դեմ: Քաղաքական գործչի կյանքն էլ դա է, կասեն, կգնան, դու պիտի հարվածներից կանգուն մնաս: Այսօր շուրջ յոթ տարբեր խմբերից հարցը քննարկելու հրավեր ունեմ: Լուծումները կարող են հազարավոր լինել, բայց ես այսպես եմ տեսել ու ազնվորեն բարձրաձայնել եմ»: