06/05/2016 17:43
Շվեյցարիայի դեսպան. ԼՂ հարցում խաղաղության հասնելու համար ԵԱՀԿ շրջանակում պետք է ստեղծել միջազգային արդյունավետ համակարգ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար հրատապ անհրաժեշտություն կա ակտիվացնել բոլոր ջանքերը՝ կողմերի միջեւ քաղաքական համաձայնության հասնելու համար, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը:
«Շվեյցարիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին դեպքերով, որի արդյունքում տասնյակ զոհեր եղան, այդ թվում խաղաղ բնակիչներ: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել 1994 թվականի հրադադարի ռեժիմը եւ պնդում ենք, որ հակամարտությունում ներգրավված բոլոր անձանց կողմից միջազգային օրենքը ամբողջությամբ պահպանվի»,- ասաց շվեյցարացի դիվանագետը:
Լ.Գասսերի խոսքով, խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ԵԱՀԿ շրջանակում ստեղծել միջազգային արդյունավետ համակարգ, որը կբերի խաղաղ կարգավորման:
«Շվեյցարիան շարունակում է պատրաստակամություն հայտնել հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար եւ փոխադարձ հանդիպումներ ունենալ բոլոր կողմերի հետ: Մենք պատրաստ ենք փորձագետների ներգրավվել խնդրի լուծման համար: Շվեյցարացի դիվանագետ Գյունտեր Բեհլերը սերտ համագործակցում է Գերմանիայի հետ, որը հիմա նախագահում է ԵԱՀԿ-ում: Ամեն ինչ արվում է, որ բանակցային գործընթացը արագացնելու համար նոր գաղափարներ եւ առաջարկներ գտնվեն», - ասաց դեսպանը:
Լ.Գասսերն ընդգծեց, որ Շվեյցարիան դատապարտում է ղարաբաղյան հարցում ցանկացած ուժի կիրառումը:
«Մենք միշտ շեշտել ենք, որ խաղաղ կարգավորմանը չկա այլընտրանք, բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պետք է շարունակվեն», - ասաց Շվեյցարիայի դեսպանը: