06/05/2016 11:23
Հրազդան-Շինուհայր էլեկտրահաղորդման գծի վերակառուցումը կավարտվի մինչև տարեվերջ
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հրազդան ՋԷԿ»-ից Շինուհայր ենթակայան էլեկտրահաղորդման շուրջ 230կմ երկարությամբ գծի վերակառուցումը կավարտվի մինչև տարեվերջ։ Այն հնարավորություն կտա կապել էներգամահակարգի երկու կարևոր արտադրող կայանները՝ «Հրազդան ՋԷԿ»-ը և Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նոր գծի կառուցումը նպատակ ունի ոչ միայն լուծել այդ խնդիրները, այլև ավելացնել հզորությունը։ Վերակառուցման արդյունքում գծի թողունակությունը 250 ՄՎտ-ից կհասնի 310 ՄՎտ-ի, կկրճատվի անջատումների քանակը: Եվ որ շատ կարևոր է, պայմաններ կստեղծվեն այդ հատվածում կորուստների կրճատման համար։ Դրանք 1,6-ից կհասնեն 0,7 տոկոսի։
Գծի կառուցման աշխատանքների զգալի մասն արդեն ավարտված է։ Մասնավորապես փորվել է գրեթե 500 հենարանի հիմքի տեղ, կատարվել է ավելի քան 400 հենարանի հիմքի բետոնավորում, մոնտաժվել է 289 հենարան, պատրաստվել և շինարարության տեղանք է տեղափոխվել գործարանային արտադրության 1288 հենք, որոնցից 1112-ը մոնտաժվել է։ Անցակացվել է շուրջ 69 կմ երկարությամբ հաղորդալար և ավելի քան 14 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխ։
Հրազդան-Շինուհայր էլեկտրահաղորդման օդային գծի վերակառուցման նպատակով կապալառուի հետ կնքված պայմանագրերի արդյունքներով տնտեսված միջոցների շրջանակներում՝ շուրջ 6,5 մլն դոլար, նախատեսվում է վերակառուցել նաև մոտ 50 կմ երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերը, որոնք շահագործվում են սկսած՝ 1962թ.։ Մշտապես գտնվելով մթնոլորտ արտանետված ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության տակ, դրանք ենթարկվել են կոռոզիայի և այլևս չեն կարող ապահովել սպառողների հուսալի և անխափան էլեկտրամատակարարումը:
Այդ նպատակով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրված վարկային համաձայնագրում կատարվել է համապատասխան լրացում։ Ըստ այդմ, ծրագրում ներառվել է նաև նշված օդային գծերի վերակառուցումը: Արդեն իսկ կատարվել են շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման, տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները և հայտարարվել է միջազգային մրցույթ՝ գլխավոր կապալառուի ընտրության համար։