06/05/2016 17:58
«Նուբարաշեն»-ում անկարգությունների դեպքով քրեական գործն ընդունվել է վարույթ
«Նուբարաշեն» քրեակատարողականում տեղի ունեցած անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ: Այն կքննվի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Նուբարաշենի» կալանավորը, տեղեկանալով, որ այդ օրն իրենց խցում դատարանի որոշմամբ պետք է խուզարկություն իրականացվի, կոչ է արել չենթարկվել օրինական պահանջներին։
Կալանավորները ոտքերով հարվածել են խցերի դռներին, կերակրադռնակներին, հայհոյել, տարբեր առարկաներ նետել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։
Դեպքի առթիվ 2016թ. մայիսի 5-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածով (Քրեական օրենսգիրք 225 հոդված, 2-րդ և 4-րդ մասերի հատկանիշներով):
Նշենք, որ նախաքննության ընթացքում առգրավվել է «Նուբարաշենում» տեղադրված տեսախցիկների ձայնագրառման սարքը, հարցաքննվել են մի շարք անձինք: