06/05/2016 13:04
ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը տեղյակ չէ Գարո Փալյանի դեպքի մասին
Ցանկացած քաղաքական գործչի հանդեպ բռնություն, վիրավորանքներ, ծեծ կամ ձերբակալում մտահոգության առիթ է մեզ համար: Ինչպես փոխանցում է ԱՄՆ պետդեպը այս մասին մայիսի 5-ին, ԱՄՆ պետքարտուղարությունում հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները՝ անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավոր Գարո Փալյանի դեմ հարձակումներին ու բռնություններին:
Մասնավորապես, նրան հարցրել են, թե վերջինս ինչպես է մեկնաբանում ԱՄՆ հայ դատի հանձնախումբի Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին ուղղված կոչին, ըստ որի Հայ դատը խնդրել է հրապարակավ Ամերիկայի մտահոգությունը հայտնել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փալյանի անվտանգության սպառնալիքների կապակցությամբ:
Ի պատասխան Թոներն ասել է, որ չի տիրապետում մանրամասներին։ «Ես ծանոթ չեմ կոնկրետ այդ անձի եւ այդ դեպքի մանրամասներին, պետք է ուսումնասիրեմ հարցը՝ ավելի անկեղծ պատասխան տալու համար», - ասել է նա:
Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի խորհրդարանում Փայլանի մասնակցությամբ երկու անգամ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի նիստերի ընթացքում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության միջեւ: Վերջինը՝ մայիսի 2-ի նիստը, ապրիլի 28-ին ընդհատված նիստի շարունակությունն էր: Սահմանադրական հանձնաժողովը քննարկում էր պատգամավորների անձեռնմխելիությունը սահմանափակելու նախաձեռնությունը: Քրդամետ կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում Փայլանը մտավախություն ունեն, որ նախաձեռնությունն իրենց դեմ է ուղղված: