06/05/2016 15:38
Սոցինտերնը մտահոգված է ԼՂ հակամարտության շփման գծում ստեղծված իրավիճակով
Սոցինտերնը մտահոգություն է հայտնել ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության շփման գծում հրադադարի խախտման հետևանքով առաջացած իրավիճակի կապակցությամբ: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Այալան այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային: Հանդիպմանը ներկա են եղել նաև Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը և համաշխարհային այդ կառույցի անդամ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Հանրապետության նախագահը հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Սոցինտերնի գործունեությունը, որն աշխարհով մեկ միավորում է սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական գաղափարներ դավանող քաղաքական ուժերին և որի հռչակած արժեքներն ու քաղաքական նպատակները՝ ազատություն, արդարություն, համերաշխություն, Սերժ Սարգսյանի խոսքով, շատ արդիական են, և ցավոք, դրանց պակասն այսօր աշխարհում զգացվում է:
Իր հերթին՝ Լուիս Այալան իր գլխավորած կազմակերպության կողմից մտահոգություն է հայտնել ս.թ. ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության շփման գծում հրադադարի խախտման հետևանքով առաջացած իրավիճակի կապակցությամբ:
Սոցինտերնի գլխավոր քարտուղարը Հայաստանի նախագահից հետաքրքրվել է իրավիճակի լարվածության աճի կապակցությամբ նրա տեսակետներով և Սոցինտերնի կողմից պատրաստակամություն հայտնել կազմակերպության հնարավորությունների շրջանակում նպաստելու երկխոսության, շփումների միջոցով հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը:
Լուիս Այալան ներկայացրել է այդ նպատակին միտված իրենց առաջիկա ծրագրերը՝ համակարծիք լինելով ՀՀ նախագահի հետ, որ որքան բաց ու անկեղծ լինեն հանդիպումներն ու քննարկումները և հստակ՝ արտահայտվող դիրքորոշումները, այնքան օգտակար կլինեն գործին:
Հանդիպմանը Սերժ Սարգսյանը նաև կարևորել է Հայաստանի համար կարևորագույն հարցերում միջազգային տարբեր հարթակներում և կառույցի անդամ կուսակցությունների երկրներում Սոցինտերնի շարունակական կառուցողական դիրքորոշումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանի իրավիճակին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: