06/05/2016 17:19
Շրջանառությունից դուրս է հանվել զինծառայության տարկետման իրավունքից զրկելու մասին օրինագիծը
Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի զինծառայողների սոցիալական ապահովության և համակարգի խնդիրները:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ի հանրային կապերի բաժնից՝ մայիսի 6-ին Կորյուն Նահապետյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցած նիստի ժամանակ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի հեղինակած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Օրինագծերի փաթեթի համահեղինակ Ռուբիկ Հակոբյանը նշել է, որ կառավարությունն իրենց առաջարկներն ընդունել է և առաջիկայում ներկայացնելու է ամբողջական կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթ, հետևաբար հեղինակների առաջարկով այն առայժմ շրջանառությունից հանվել է, իսկ հանձնաժողով ստեղծելու առաջարկը ներկայացրել է պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նշենք, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: