07/05/2016 15:27
Ինձ թվում էր՝ կխեղդվեմ երջանկության այդ «դոզայից». ծնվել է Էմմա Ասատրյանի առաջնեկը
Նախորդ տարի ամուսնացած Երգչուհի Էմմա Ասատրյանի և դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանի ընտանիքում մարտի 15-ին ժամը 23:42-ին համալրում է եղել. Լույս աշխարհ է եկել ամուսինների առաջնեկը՝ Անրին:
«Իմ կյանքում 15 թիվը, կարծեք թե, խորհրդանշական է դարձել, սպասում էի, որ պետք է այդ ամսաթվին ծնվի: Ես և ամուսինս որոշեցինք մեր որդուն անվանակոչել իմ սիրած ռեժիսորներից մեկի՝ Անրի Վերնոյի անունով: Ես միշտ կարդացել եմ, լսել եմ, որ երեխայի ծնունդը անբացատրելի երջանկություն է, ու երբ նրան տուն բերեցինք, լիովին հասկացա այդ խոսքերի իմաստը: Մայրանալն աշխարհի ամենակատարյալ բանն է: Անընդհատ մոտենում էի, նայում նրան, ինձ թվում էր՝ կխեղդվեմ երջանկության այդ «դոզայից»»,-Aysor.am-ի հետ զրույցում իր երջանկության մասին առաջին անգամ հուզմունքով խոսեց Էմմա Ասատրյանը:
Ըստ օրինաչափության՝ հայրերը երազում են որդիների, մայրերը՝ դուստրերի մասին, սակայն այս հարցում նորաթուխ ծնողները միակարծիք էին: «Ես մի փոքր համաձայն չեմ այդ մտքի հետ: Ինձ թվում է՝ հայրերն ավելի շատ ցանկանում են աղջիկ ունենալ, այդ պատճառով էլ հետագայում շատ են կապվում իրենց դստրիկների հետ: Այնպես որ՝ ամուսինս էլ միշտ երազում էր աղջիկ ունենալու մասին, այնքան էր ասել, որ ես էլ էի հակված այդ մտքին: Բայց հիմա երկուսս էլ երջանիկ ենք, որ մեր տղուկն է ծնվել, չենք էլ պատկերացնում հակառակը: Բալիկն ինքնին Աստծո պարգև է, կարևորը՝ առողջ բալիկներ ծնվեն»,-ընդգծեց երգչուհին:
Նորաթուխ մայրիկը որդուն նմանեցնում է հայրիկին. «Երբ նոր էր ծնվել, բոլորն ինձ էին նմանեցնում, նաև՝ իմ հայրիկին: Իհարկե, բոլորիս էլ նմանություն ունի, բայց առաջին հայացքից ակնհայտ երևում է՝ ամուսնուս կտորն է»:
Է. Ասատրյանն այն քիչ երգչուհիններից է, ովքեր անձնական կյանքը պահում են անձնական տիրույթներում՝ համարելով, որ այն հասարակական քննարկման թեմա չպետք է դառնա: Արդեն գրեթե 2 ամսական որդու մասին երգչուհին առաջին անգամ է բարձրաձայնում: «Այնպես չի, որ սնահավատ եմ և վախենում եմ «աչքերից», պարզապես կան բաներ, որոնք ինձ համար խիստ անձնական են»,-խոստովանեց նա:
Նորածինների դեպքում քառասնօրյա մեկուսացումը շատերի համար պարտադիր է: Էմման ևս զերծ չմնաց քառասունքի խորհրդից. «Գիտեմ, որ ըստ Առաքելական եկեղեցու՝ այդ քառասունքը մայրերին է անհրաժեշտ, մենք էլ հետևել ենք դրան: Միայն հիվանդանոցից դուրս գրվելիս փոքրիկիս հետ գնացել ենք Սուրբ Հովհաննես եկեղեցի և օրհնություն ստացել»:
Նորաթուխ ծնողներն արդեն իսկ մտածում են փոքրիկին մկրտելու մասին, անգամ կնքահոր ընտրությունը կատարված է. «Ամռանը՝ հունիս կամ հուլիս ամսին, անպայման կմկրտենք տղայիս: Կնքահայրը կլինի ամուսնուս մանկության ընկերը, ով բավական ժամանակ է՝ Լոս Անջելեսում է բնակվում»:
Քանի որ երիտասարդ ընտանիքն առանձին է բնակվում, խնամքի հարցում Էմման շատ օգնականներ չունի, սակայն դժգոհելու առիթ ևս չունի: Այդ հաճելի «հոգսը» նրան նույնիսկ դուր է գալիս: «Քանի որ եղբայրս ընդամենը 5 տարեկան է, ես այդ ամեն ինչին քիչ թե շատ ծանոթ եմ, փոքրիկների հետ շփվելու փորձ ունեմ: Բայց ասեմ, որ ամուսինս ինձ շատ է օգնում, օրվա մեջ մի ժամ կա, երբ ես քնում եմ ու նա է երեխայի շորերը փոխում, կերակրում: Առաջ Աստված, եթե ամեն ինչ լավ լինի ու ես աշնանից աշխատանքի անցնեմ, կմտածենք, թե ինչպես հարմարեցնենք խնամքը: Հավանաբար, աշխատանքին քիչ ժամանակ կհատկացնեմ, ես և ամուսինս միմյանց կփոխարինենք տանը, նաև մեզ մեր տատիկը՝ ամուսնուս մայրը կօգնի»,-զրույցը եզրափակեց նա: