09/05/2016 15:17
Մեր բանակն ամեն օր թշնամուն ապացուցում է, որ մենք կանք ու կլինենք. Լևոն Արոնյան
Հայ ժողովրդի կյանքում մայիսը հաղթական կեցվածք ունի, հենց այս խենթ ամիսն է մեզ համար եռակի հաղթանակ ապահովել. 1945 թվական՝ Հայրենական մեծ պատերազմ, 1992 թվական՝ Շուշիի ազատագրում և արցախյան բանակի կազմավորում:
Aysor.am-ի հետ զրույցում հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը շնորհավորել է հայրենակցներին:
«Սա մեր ազգի համար կարևոր օր ու մեծ ուրախություն է: Թող ոչ-ոք երբեք չմոռանա մեր պապերի ու հայրերի զոհաբերությունը, որը մեզ թույլ է տալիս ազատ երկրում ապրելու ու հարատևելու: Առանց բանակի, այս ձեռքբերված հաղթանակների մենք չէինք կարող որպես ազգ ձևավորվել, գոյատևել: Մեր բանակն ամեն օր թշնամուն ապացուցում է, որ մենք կանք ու կլինենք», - ասել է Լ.Արոնյանը:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմին և մեր ժամանակների հայ զինվորի կեցվածքին՝ գրոսմայստերը նշեց. «Հատկապես այս օրերին մեր զինվորները շատ դժվարություններ են հաղթահարում: Յուրաքանչյուրս պետք է ամեն ինչ անի, որպեսզի տղաներին ոգեշնչի: Ես խոնարհվում եմ նրանց կատարած առաքելության առջև»: