11/05/2016 09:54
Ընդվզող հատվածը նորից ոտքի էր կանգնելու. կուտակային համակարգի հետաձգումը նախընտրական մանևր է
ԱԺ արտահերթ նիստին երեկ քննարկվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է համակարգի լիարժեք կիրառումը հետաձգել մինչև 2018 հուլիսի 1-ը: Համակարգն այս պահին գործում է միայն պետական աշխատողների համար, իսկ մասնավոր սեկտորի համար այն պետք է ուժի մեջ մտներ 2017թ.:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանն, անդրադառնալով սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը մեկ տարով հետաձգելուն, «Ժամանակի» հետ զրույցում նշել է, որ իրենք հետևողական են լինելու և փորձելու են հասնել նրան, որ պարտադիր բաղադրիչն ընդհանրապես չեղարկվի:
Նրա խոսքով՝ 2014-ին կայացվել էր որոշում, որն ընդհանրապես չէր բխում քաղաքացիների շահերից. «Այս օրենքը և ռեֆորմը անկատար և թերի են, շատ շուտափույթ ընդունվեց, որովհետև, ըստ երևույթին, մեր պետական այրերը ունեին այլ պայմանավորվածություններ և այլ կանխատեսումներ՝ հաշվի չառնելով ժողովրդի կամքը, այն խնդիրները, որ կարող էին առաջանալ»:
Մանե Թանդիլյանի դիտարկմամբ՝ ընդվզող հատվածը, միևնույն է, նորից ոտքի էր կանգնելու, ուստի նա համոզված է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի հետաձգումը կապված է նախընտրական գործընթացներով»: