11/05/2016 19:26
Մարինա Թագակչյանը՝ Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան մասնակցության և հաջորդ տարվա մասնակցի մասին
Հազվադեպ է պատահում, որ մարդիկ միահամուռ են կարծիքների առումով: Եվրատեսիլ 2016-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը Ստոկհոլմում ունեցած իր երեկվա ելույթով ապացուցեց, որ հնարավոր է նույն աշխատանքի շուրջ միակարծիք լինեն բոլորը: Երգահան Մարինա Թագակչյանը, ով հաճախ քննադատաբար է մոտենում կատարումներին ու կատարողներին, Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց. «Այս տարիների ընթացքում առաջին անգամ մեծ բավականություն եմ ստացել ոչ միայն որպես հայ, այլ՝ նաև հանդիսատես: Ինչ խոսք, Իվետան բեմը գրավել էր իր զսպված և անկեղծ խարիզմայով, ոչ շինծու, «եվրաֆիկացված» կեցվածքով: Նրա բեմարվեստի մեջ այնքան «էքսպրեսիա» կար, որ կարողանում էր առանց ավելորդ «կոտրատումների» ուժեղ էներգետիկա արտացոլել: Վոկալի առումով էլ նույնը կարող եմ ասել: Մի խոսքով՝ բրավո մեր մասնակցին»:
Երգահանը նշեց՝ երգչուհու բեմական պրոֆեսիոնալիզմի արդյունքում ամեն ինչ այնքան միաձուլված էր, որ երգը հավանել-չհավանելու հարց չառաջացավ: Հարցին, թե որքանով ենք մրցունակ այս տարվա Եվրատեսիլում, և ունե՞նք «Եվրատեսիլ-2017»-ը Հայաստանում անցկացնելու հնարավորություն՝ պատասխանեց. «Բացառությամբ մեկ-երկու տարիների՝ ես միշտ շատ անլուրջ եմ վերաբերել այս մրցույթին: Նույնիսկ մի տարի Հանրային հեռուստաընկերությունից առաջարկեցին երգ գրելու, բայց հրաժարվեցի: Եթե նախորդ տարիներին ինձ համար հաղթանակն ինչքան էլ բաղձալի լիներ՝ անհավանական էր, ապա այս դեպքում հաղթանակն այնքան էլ զավեշտալի ու անսպասելի չի… Բայց, դե բոլորս էլ գիտենք, թե ինչքան քաղաքականացված է այս մրցույթը»:
Նախորդ տարիների հայ մասնակիցներից Մարինա Թագակչյանն առանձնացրեց Հայկոյի, Արամ MP3-ի և Գոռ Սուջյանի կատարումները: «Նրանք անկեղծ էին, իրենց տեսակի մեջ էին: Չէին փորձում դուր գալ աշխարհին»:
Իվետա Մուկուչյանի այս տարվա թեկնածությունը երգահանի սրտով էր, հաջորդ տարվա համար էլ «սեփական» թեկնածուն ունի: «Իվետան լավագույն թեկնածուն էր, նրան միշտ տեսնում էի եվրատեսիլյան բեմում: Ինչ վերաբերում է հետագային, ապա միշտ ասել եմ, որ մեր ֆոլկլորը պետք է ուղարկել: Թող տեղ չզբաղեցնենք, բայց լինենք ինքնատիպ ու աշխարհն իմանա՝ մերը ունենք: Ի դեպ, վատ չէր լինի եվրատեսիլյան բեմում նաև երգիչ Մհերին տեսնել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Թագակչյանը: