11/05/2016 19:03
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Գևորգյանը
85 տարեկան հասակում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Գևորգյանը: Այս մասին տեղակացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Կոմպոզիտոր, ջութակահար Յուրի Գևորգյանը ծնվել է 1931 թվականի հուլիսի 15-ին, Թբիլիսիում: 1953 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան՝ ջութակահարի մասնագիտությամբ, այնուհետև, ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ կոմպոզիցիայի բաժնում, Էդվարդ Միրզոյանի դասարանում:
Հեղինակ է մի շարք երաժշտաբեմական, սիմֆոնիկ, կամերային-գործիքային, վոկալ երկերի, որոնց թվում են՝ «Խարույկ», «Վերք Հայաստանի», «Տառո» օպերաները, «Սիմֆոնիան», «Սիմֆոնիետան», մանկական և պատանեկան պիեսների ժողովածուները՝ դաշնամուրի և ջութակի համար, մանկական և էստրադային երգերը, Վ. Տերյանի խոսքերով գրված երկու ռոմանս՝ սոպրանոյի և դաշնամուրի համար և այլ ստեղծագործություններ:
Յուրի Գևորգյանը երկար տարիներ (1960-2002 թթ.) դասավանդել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: ՀՊՄՀ պրոֆեսոր է: