12/05/2016 18:27
Հարցում. Ռուսաստանցիների 35%-ը կողմ է Լեռնային Ղարաբաղի անկախացմանը
Ռուսաստանի 46 տարածաշրջանի 1,6 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցումների համաձայն` 35%-ը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ամենալավ տարբերակը ԼՂՀ-ի անկախության ճանաչումն է:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կողմից կատարված հարցման համաձայն՝ 9%-ն էլ կողմ է արտահայտվել, որ ԼՂՀ-ն Հայաստանի կազմ մտնի, 6 տոկոսն էլ ասել է, որ այն պետք է միացվի Ադրբեջանին:
«Իզվեստիայի» փոխանցմամբ՝ հարցվածների 72 %-ն ասել է, որ տեղեկացված է ԼՂ-ի շուրջ հակամարտության մասին: Այդ ցուցանիշը 2014 թվականին անցկացված հարցման ժամանակ կազմել էր 45%:
Հարցվածների 71%-ը կարծիք է հայտնել, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով (1974 թվականին` 57 %), 15%-ն ասել է, որ այն կարող է լուծվել ռազմական ճանապարհով:
Հարցվածների 44%-ը հայտնել է, որ ՌԴ-ն պետք է հակամարտությունում հանդես գա որպես միջնորդ (երկու տարի առաջ` 25%), որպեսզի կանխի արյունահեղությունը, 18 %-ը հայտնել է, որ Ռուսաստանը ԼՂ-ի ճակատագրի հարցում որևէ դերակատարություն չունի, 36%-ն էլ ասել է, որ ՌԴ-ն պետք է չեզոք դիրք զբաղեցնի (2014 թվականին` 60%):
Հարցվածների 36%-ի կարծիքով` այսօր ԼՂՀ-ն անկախ պետություն է հանդիսանում, 11%-ն այն համարում է Ադրբեջանի մաս, իսկ 13 %-ը` Հայաստանի մաս, 47 %-ն էլ դժվարացել է որոշել ԼՂ-ի տարածքային պատկանելությունը:
Ռուսաստանցիների 35%-ի կարծիքով` ՌԴ-ի ազգային շահերից ելնելով՝ ԼՂՀ-ի անկախության ճանաչումը հակամարտության լուծման լավագույն տարբերակն է, 9%-ի կարծիքով` այն պետք է դառնա Հայաստանի մաս, 6%-ի կարծիքով` Ադրբեջանի մաս, 18%-ն էլ կարծիք է հայտել, որ ԼՂ-ի ճակատագիրը Ռուսաստանի համար որևէ նշանակություն չունի: