12/05/2016 19:43
Դավիթ Տոնոյան. Ներկայիս ձևաչափով իրականացվող ԵԱՀԿ դիտարկումներն արդյունավետ չեն
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Գերմանիայի կառավարության` ԵԱՀԿ գերմանական նախագահության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի պետ Թոմաս Լենկիի հետ քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր:
Ինչպես հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Դ.Տոնոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ մայիսի 11-ին ԵԱՀԿ առաքելության կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Թալիշ գյուղի հյուսիս-արեւմտյան ուղղությամբ դիտարկումն անցկացնելուց ժամեր անց ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակոցից նույն վայրում սպանվել է ՊԲ զինծառայող:
Դ.Տոնոյանը նշել է, որ այդ պատահարը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ի կողմից ներկայիս ձևաչափով իրականացվող դիտարկումներն արդյունավետ չեն և Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարը:
Ըստ հաղորդագրության, շեշտվել է, որ շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը նմանատիպ միջադեպերի կանխարգելման արդյունավետ գրավականներից է:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից տարածվող այն տեղեկատվությանը, թե իբր հայկական կողմը օգտագործել է սպիտակ ֆոսֆորային արկ:
Վերոնշյալ տեղեկատվության շրջանառության մեջ հայտնվելը ևս մեկ անգամ փաստում է շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների անհրաժեշտության մասին` նմանատիպ ապատեղեկատվության տարածումը կանխելու համար, ասված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: