12/05/2016 13:22
Քոչարյան. Չնայած չհաջողված բլիցկրիգին, Բաքուն չի ցանկանում փոփոխություններ
Ադրբեջանը խախտում է դեռևս 22 տարի առաջ կնքված զինադադարը, որը ձեռք է բերվել 1994 թվականի մայիսի 12-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Առ այսօր Ադրբեջանն ակնհայտորեն օգտագործել է ամբողջ բանակցային գործընթացը և այդ ընթացքում տարածել է միայն ապատեղեկատվություն՝ առաջ քաշելով իր քարոզչությունը սպառազինվելու և ուժային լուծման նախապատրաստվելու համար, ինչը մեկ անգամ ևս ապացուցեցին ապրիլյան դեպքերը», - ասաց Շ.Քոչարյանը:
Նրա խոսքով՝ այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցությունների:
«Չնայած իր չհաջողված բլիցկրիգին, ակնհայտ է, որ նա չի ցանկանում փոփոխություններ: Այս տեսակետից, բնականաբար, մենք միշտ պետք է պատրաստ լինենք նոր զարգացումների: Այն ինչ այսօր կոչվում է բանակցություններ, որպես այդպիսին այսօր չկան: Իսկ դրանք լինելու դեպքում առաջին շեշտադրումը պետք է դրվի 1994 թվականի մայիսի 12-ին ձեռք բերված զինադադարի ամրապնդման վրա», - ասաց Շ.Քոչարյանը: