12/05/2016 17:49
Եթե Իվետային էլ պետք է անուն կպցնեն, չեմ պատկերացնում՝ ո՞վ պետք է գնա, որ չփնովեն. Արթուր Իսպիրյան
Եվրատեսիլ 2016-ի հայ մասնակից Իվետա Մուկուչյանն այս տարի Եվրոպայում ամենաքննարկվողներից է: Պատճառը ոչ միայն երգչուհու անթերի ձայնային և արտաքին տվյալներն են, այլև՝ կիսաեզրափակչի ավարտից հետո երգչուհու կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի ծածանումը:
Ի դեպ, Եվրատեսիլին մասնակցելու 10 տարիների ընթացքում հայ մասնակիցներից, կարելի է ասել, Իվետան այն քչերից է, ում ելույթից հետո նույնիսկ հայ քննադատները լռեցին. ընտրությունը արդարացված էր:
«Եվրատեսիլին միշտ հետևել եմ, ու պետք է ասեմ՝ այս տարի շատ ավելի հպարտ եմ ու վստահ, քանի որ բեմում Իվետան է, ով պրոֆեսիոնալ ելույթ ունեցավ: Իր ելույթը, համարձակությունն ինձ ուղղակի ապշեցնում է ու շատ ուրախացնում: Առաջին անգամ մենք ունեցանք համարձակ, գրագետ, անգլերենին շատ լավ տիրապետող, լավ խոսք ունեցող մասնակից: Հպարտություն զգացի անգամ նրա մամուլի ասուլիսներին հետևելիս, լակոնիկ ու գեղեցիկ անգլերենով կարողանում է իր երկիրը ներկայացնել ու պաշտպանել: Վստահորեն կարող եմ ասել՝ չեմ կասկածում, որ հաղթանակ կունենանք: Ե՛վ երգն է համապատասխանում այս մրցույթին, և՛ արտաքին տեսքը, և՛ ճաշակն ու համարձակությունը: Մեզ հենց այսպիսի արտիստներ են պետք: Ցավոք, այս համարձակությունն ուրիշ երկիր է նրան ներարկել: Եթե մեր երկրում ապրած լիներ, դժվար թե այդքան համարձակ լիներ: Այստեղ կոտրում են մարդու մեջ բնավորության այդ գիծը»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Արթուր Իսպիրյանը:
Ի դեպ, օրեր առաջ քննադատության մի փոքր ալիք բարձրացավ Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան բեմական զգեստների շուրջ: Եղան մարդիկ, ովքեր գտան՝ հայ երգչուհին լողազգեստով բեմ դուրս գալու իրավունք չունի: Մեր զրուցակիցը չի կիսում այդ կարծիքը: «Եթե Իվետային էլ պետք է անուն կպցնեն, ապա այլևս չեմ պատկերացնում՝ ո՞վ պետք է գնա, որ չփնովեն: Այս աղջիկն ինձ համար անթերի մրցակից է: Ճիշտ է, մյուսների կատարումներին այնքան էլ չեմ հետևել, բայց տեսել եմ, թե մյուս երկրների ներկայացուցիչներից ովքեր էին խոսում մեր հայուհու մասին: Այնպիսի բաներ էին ասում, որ հնարավոր չէր չհպարտանալ: Եթե կա ինչ-որ մեկը, որ ամաչել է մեր մասնակցի համար, ամոթ իրեն: Նույնիսկ Ֆիլիպ Կիրկորովը, ում մենք այնքան էլ չենք ընդունում, և ով որոշակի հայատյաց հայացքներ ունի, երգչուհու մասին դրական մտքեր է արտահայտում»,- զարմանք հայտնեց նա:
Արթուր Իսպիրյանն Իվետա Մուկուչյանին առաջին անգամ նկատել է տարիներ առաջ՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարած նվագախմբում՝ ջազային կատարումներով, մինչ այսօր կարծիքը չի փոխվել:
Երգիչը հավատում է՝ եթե ոչ առաջին, ապա երկրորդ կամ երրորդ տեղը մերը պետք է լինի: Մեր այն դիտարկմանը, որ Եվրատեսիլը քաղաքականացված մրցույթ է և հաղթանակի գրավականը մեծամասամբ լավ կատարումը չէ, նաև այն, որ մայիսի 10-ին տեղի ունեցած կիսաեզրափակչում երգչուհու ծածանած արցախյան դրոշը կարող է մեզ հեռացնել հաղթանակից, հատկապես, որ արդեն իսկ քննարկվում է պատժամիջոցներ կիրառելու հարցը, Ա. Իսպիրյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե այս քայլով որքանով հեռացանք կամ մոտեցանք հաղթանակին: Երևի թե, երկրների մի մասն, առավել ոգևորված, մեր օգտին կքվեարկի, մի մասն՝ առավել պասիվ: Բայց ես Իվետայի մոտ գնահատում եմ նաև այն, որ իմանալով՝ որոշ երկրներ չեն ընդունի դա ու կարող է պակասել իրեն ուղղված ձայների քանակը, միևնույն է՝ համարձակ, նույնիսկ հերոսական քայլի գնաց: Եթե չաներ էլ, ոչ-ոք իրեն չէր մեղադրի: Օրինակ՝ ես հաստատ չէի մեղադրի… Բայց արեց, ինչի համար բրավո իրեն»:
Անդրադառնալով տեսանելի հաղթանակին ու «Եվրատեսիլ 2017»-ը Հայաստանում ընդունելու պատրաստվածությանը՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Գիտեք՝ ամեն տարի ես մտածում եմ, որ եթե հաղթենք, ունե՞նք հնարավորություն՝ դահլիճ՝ ընդունելու այս մրցույթը Հայաստանում, որտե՞ղ ենք անցկացնելու: Չեմ կարողանում հասկանալ՝ արդյոք մեր Համալիրը համապատասխանում է չափորոշիչներին: Ինձ թվում է՝ ոչ, փոքր է: Այնպես, որ պետք է ամեն ինչ արվի, որ Հայաստանում ընդունելու դեպքում Եվրատեսիլը ոչնչով չզիջի մյուս տարիներին: Կարծում եմ՝ հաղթելու դեպքում պայմաններ կստեղծվեն, հետ չենք մնա: Եթե մյուսների հաղթանակ բերելուն մինչև մասնակցելը քիչ թե շատ կասկածել եմ, ապա Իվետայի դեպքում համոզվածությունս մեծ է, ոչ մի գրամ չեմ կասկածում»:
Հարցին, թե մինչ այս մեր մասնակիցներից ո՞ւմ դեպքում է հպարտության և վստահության նման զգացում ունեցել, Արթուր Իսպիրյանը խոստովանեց. «Երևի թե՝ Սիրուշոյի»: