12/05/2016 20:13
Ինձ համար կարիերայի սկզբնական փուլի ամփոփում է. Գրիգոր Կյոկչյանը պատրաստվում է ստեղծագործական երեկոյին
Մայիսի 21-ին Երգի պետական թատրոնում տրամադրությունը բարձր է լինելու: Երգիչ-երգահան Գրիգոր Կյոկչյանն առաջին անգամ հանդիսատեսին է ներկայանալու իր ստեղծագործական հեղինակային երեկոյով, որի ընթացքում, բնականաբար, հնչելու են միայն իր երգերը՝ տարբեր երգիչների կատարմամբ:
«Արթուր Գրիգորյանի հետ որոշեցինք իրականացնել այս երեկոն, որն ինչ-որ առումով ինձ համար կարիերայի սկզբնական փուլի ամփոփում է: Բեմում իմ կողքին անընդհատ կլինեն Արթուր Գրիգորյանը, նաև՝ իմ ընկերները՝ Էրիկը, Միհրան Ծառուկյանը, Արամեն, Սոնա Ռուբենյանը և այլ հայտնի կատարողներ: Կհնչեն ոչ միայն հայտնի հիթեր, այլև՝ պրեմիերաներ»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գ. Կյոկչյանը:
«Հարց չկա» խորագրով հեղինակային երեկոյի ընթացքում հնչելու է 20-ից ավելի կատարում: Նոր երգերով հանդես կգան Արփի Գաբրիելյանը, Սոնա Շահգելդյանը, Արսեն Սաֆարյանը, Գրիգոր Կյոկչյանն ու Մարտա Կիրակոսյանը՝ զուգերգով: «Ինչ վերաբերում է խորագրին, ապա ասեմ, որ այն իմ խոսքերով գրած երգերից մեկի վերնագիրն է: Հայկ Դուրգարյանն է կատարում այդ երգը, արագաչափերի մասին է: Այն մեծ տարածում գտավ, այդ պատճառով էլ երեկոն այդպես կոչեցի: Իսկ նոր կատարումներից Արսեն Սաֆարյանի երգը կոչվում է «Երջանկություն է քեզ սիրելը», Արփի Գաբրիելյանինը՝ «Ծաղրածու», Ս. Շահգելդյանինը՝ «Հանելուկ»: Իմ և Մարտայի զուգերգը դեռ վերնագրված չէ»,-նշեց նա:
Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ հավատարիմ մնալով երգի պետական թատրոնի ձեռագրին՝ այդ օրը ջերմ զրույց ու մտերմիկ երեկո է սպասվում բոլոր ներկաներին: Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ համերգային երեկոն մեծ համերգասրահում տեղի չի ունենալու, Գ. Կյոկչյանը խոստովանեց. «Բոլորն էլ գիտեն, որ դրա համար մեծ ներդրումներ են անհրաեշտ: Այնպես որ՝ խնդիրը միայն դրանում է»:
Զրույցի վերջում երգիչ-երգահանը տեղեկացրեց, որ հունիսի 1-ին՝ մանուկների տոնին, նմանատիպ համերգ կունենա նաև փոքրիկ կատարողների հետ: