12/05/2016 17:57
ԼՂՀ ՄԻՊ-ը կոչ է արել «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին մնալ երաժշտական մրցույթի շրջանակներում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը կոչ է արել «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին մնալ երաժշտական մրցույթի ձևաչափի շրջանակներում և դուրս չգալ միջազգային քաղաքականության ոլորտ, ասված է ԼՂՀ օմբուդսմենի՝ կազմակերպիչներին ուղղված բաց նամակում:
Ռուբեն Մելիքյանն Արցախի ժողովրդի անունից վճռական անհամաձայնություն է հայտնել «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչների կողմից 2016 թվականի մայիսի 11-ին արված պաշտոնական հայտարարության հետ, որում Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացվել է պարզապես որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճ:
«ԼՂՀ ժողովուրդը 1991 թվականին կյանքի է կոչել ինքնորոշման իր հիմնարար ու անքակտելի իրավունքը՝ հայտարարելով Խորհրդային Ադրբեջանի Հանրապետությունից իր անկախության մասին, ինչն ամբողջովին իրականացվել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- հայտարարել է Ռուբեն Մելիքյանը:
Նա «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչների ուշադրությունն է հրավիրել ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած իրադարձությունների և, մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԴԱԻՇ-ի ոճով արված գլխատման, տարեցների խոշտանգումների, դպրոցների ու բնակատեղիների ինտենսիվ հրետակոծությունների փաստի վրա.
«Այս փաստերը տեղի են ունեցել Եվրոպայում (մաս կազմող ԼՂՀ-ում) ընդամենը 40 օր առաջ»,- ընդգծել է Արցախի օմբուդսմենը:
Վերջում նա հպարտություն է հայտնել, որ ի պաշտոնե պաշտպանում է ԼՂՀ մոտ 150 հազար բնակիչների՝ տղամարդկանց, կանանց, երեխաների, տարեցների իրավունքներն ու ազատությունները:
Ավելի վաղ «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչների մոտ դժգոհություն էր առաջացրել հայկական պատվիրակության կողմից եթերում ԼՂՀ դրոշի բարձրացումը: