12/05/2016 21:30
Մեկնարկում է Թալալյանների անվան ալտի եվ թավջութակի հանրապետական ամենամյա 7-րդ փառատոնը
Մայիսի 18-ին կմեկնարկի Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական ամենամյա 7-րդ փառատոնը: Փառատոնն իրականացվում է «Արս լունգա» ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
2008 թվականին հիմնադրվելով որպես թավջութակային երաժշտության փառատոն (գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյան) այն 2010 թվականից ընդլայնվեց և դարձավ ալտի և թավջութակի փառատոն՝ Արվեստների պատկերասրահ մշակութային հիմնադրամի աջակցությամբ: 2013թվականից փառատոնի կազմակերպչական գործունեությունը ստանձնեց «Արս լունգա» հասարակական կազմակերպությունը ծրագրերում ընդգրկելով՝ ինչպես մենակատարների, փոքր կազմերի, այնպես էլ բազմանդամ նվագախմբերի: Թալալյան եղբայրների անվան հանրապետական ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողների համար, պրոպագանդել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների միջև, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ և պատանի կատարողների զարգացմանը:
Փառատոնը հավատարիմ մնալով իր սկզբունքներին, այս տարի նախատեսում է իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդ շնորհալի կատարողներ` հնչեցնելով պրեմիերաներ և դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ գրված ալտի և թավջութակի համար: Փառատոնը առանձնակի կարևորում է տարվա հոբելյարների ստեղծագործությունների կատարումը, որոնց թվում են հայ կոմպոզիտորներ Ա. Բաբաջանյանը (95), Է.Միրզոյանը (95) և Մ. Կոկժաևը (70), ինչպես նաև անվանի թավջութակահար Գերոնտի Թալալյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգ: Փառատոնը կհյուրընկալի անվանի երաժիշտների` Դմիտրի Նովգորոդսկի (դաշնամուր/ ԱՄՆ), Անի Աղաբեկյան (ջութակ/ Գերմանիա), Տիգրան Հախումյան (ջութակ/ Գերմանիա), Տիգրան Մահտեսյան( ջութակ /Բելգիա): Արդեն 3րդ տարին է ինչ փառատոնը համագործակցում է Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի հետ ( գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), ում հետ այս տարի ելույթ կունենան պատանի (12-13 տարեկան) շնորհալի թավջութակահարներ: Փառատոնի բացման համերգում կհնչեն Վ. Ա. Մոցարտի, Ռ.Շումանի, Բ. Բարտոկի, Դ. Շոստակովիչի ստեղծագործությունները: Մասնակիցներ՝Դմիտրի Նովգորոդսկի (դաշնամուր/ ԱՄՆ),Անի Աղաբեկյան (ջութակ/ Գերմանիա), դուետ «Արսլունգա» /Արամ Թալալյան(թավջութակ), Ջուլիետա Վարդանյան(դաշնամուր)/, Մերի Մարգարյան (ջութակ), Սոնա Ազարյան (ջութակ), ԱնիԿարապետյան (ջութակ), ՅանաԴարյան (ալտ):