13/05/2016 15:13
Ադրբեջանն ունի 3 անգամ ավելի զոհ. Կարեն Վրթանեսյան
Ապրիլի 2-5-ը հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմի սպանված և ինքնությունը պարզված զինծառայողների ընդհանուր թիվն այս պահի դրությամբ 94 է, մինչդեռ սպանված զինծառայողների թիվը անհամեմատ ավելի շատ է: Հրավիրված ասուլիսում, ներկայացնելով ամփոփ տվյալներ, հայտարարեց razminfo.am կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Անուն հայտնի լինելը չի նշանակում, որ դրանք բոլորը կորուստներն են: Կորուստներ են ունեցել ինչպես ապրիլի սկզբին և մնացած օրերին, այնպես էլ՝ մայիսին: Հաշվի առնելով զոհերը կոծկելու նախկինում ունեցած Ադրբեջանի փորձը՝ տարբեր սոցցանցերից հայտնաբերվել են նաև Ադրբեջանի թաքցրած կորուստների մի մասը»,- ասաց նա:
Կարեն Վրթանեսյանն ընդգծեց նաև, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցնրը խիստ գրաքննության են ենթարկվում, հետևաբար ստույգ տվյալների մասին լրատվամիջոցներում հնարավոր չէ տեղեկություններ գտնել:
«Ենթադրվում է, որ Ադրբեջանն ունի 3 անգամ ավելի զոհ՝ մոտ 300, մինչդեռ Բաքուն պաշտոնապես հայտնել է ընդամենը 31 կորստի մասին, ընդ որում՝ չեն հրապարակել անունները, բայց հետևելով պետականամետ լրատվամիջոցներին՝ արձանագրել է 89 լուսաբանված հուղարկավորություն»,- ասաց նա:
Կ. Վրթանեսյանը նկատեց նաև, որ աննախադեպ է այն, որ պետական պարգևատրումները չեն հրապարակվում:
«Այդպես էլ չհրապարակվեց պարգևատրվածների ցուցակը: Առնվազն միայն երեքը ստացան հերոսի կոչում, բայց նրանց անունները հրապարակվեցին ոչ պաշտոնական հոսքերով։ Կային շքանշաններ և մեդալներ, գուցե հերոսներն էլ ավելի շատ են, բայց դա աննախադեպ էր, հետևաբար վստահ ենք, որ նրանց զոհերի թիվը շատ է»,-ասաց նա: