13/05/2016 10:47
Նալբանդյան. Հայաստանը կվերսկսի բանակցությունները ղարաբաղյան խնդրի շուրջ համապատասխան պայմանների դեպքում
Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ժան-Մարկ Էյրոն Փարիզում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Է.Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:
Նա կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ միասին հետևողական ջանքերը՝ ապրիլի սկզբին տեղի ունեցածը բացառելու և հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու ուղղությամբ։
«Զրուցակիցները համակարծիք էին, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի: Նրանք ընդգծեցին ղարաբաղյան հակամարտության գոտում 1994-1995թթ. զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի կարևորությունը և դրանց լիակատար իրականացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց հրադադարի խախտումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման և հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման հրատապությունը», - նշել են ԱԳՆ մամուլի ծառայությունում:
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է, որ երբ համապատասխան պայմաններ ստեղծվեն, Հայաստանը շարունակելու է Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքն՝ ուղղված հիմնախնդրի՝ բանակցությունների միջոցով հանգուցալուծմանը: