13/05/2016 13:46
Բաքուն բողոքում է ՄԱԿ ԱԽ հռչակագրերից, որոնց վրա հենց ինքն է ամենաշատը հղում անում
Բաքուն մեղադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին 90-ականներին ընդունված հռչակագրերում Ադրբեջանի իրավունքները ոտնահարելու մեջ:
«Դրանցում նշվում է, որ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված շրջաններից՝ խնդրի խաղաղ կարգավորման նպատակով: Ամբողջ խնդիրն այն է, որ դրանք մինչ այսօր էլ չեն իրագործվում», - հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
Նրա խոսքով, այդպիսով՝ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը «փորձել է զրկել Ադրբեջանին սեփական տարածքները ռազմական ճանապարհով ազատագրելուց»:
«Սակայն միջազգային իրավունքը թույլ է տալիս ցանկացած երկրին սեփական տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար օգտագործել բոլոր տարբերակները», - ասել է Խալաֆ Խալաֆովը:
Նշենք, որ բանակցային գործընթացի ողջ ընթացքում հենց Ադրբեջանն էր անդադար պահանջում ՄԱԿ ԱԽ ընդունած հռչակագրերի ամբողջական իրագործումը: