13/05/2016 19:09
Երթ Երևանում. ակցիայի մասնակիցները մի քանի պահանջ են ներկայացնում երկրի նախագահին
«Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնությունը երթ է սկսել, որը մեկնարկել է Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկից։ Երթի մասնակիցները ուղղվել են դեպի կառավարական ամառանոցներ։ Երթի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանները:
Ակցիայի մասնակիցները նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում են՝
1. Պետբյուջեից ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30 000-ական դոլարի չափով, ինչպես նաև վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական դոլարի չափով:
2. Աշխատանքից ազատել ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Հերմինե Նաղդալյանին ազատել իր զբաղեցրած նշանակովի բոլոր պաշտոններից:
3. ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը:
4. Հայաստանի 100 օլիգարխներին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 10-ական մլն դոլարի չափով գումար։
5. Պահանջում ենք ձեռնպահ մնալ Արցախի հարցի կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրելուց, պահպահել ստատուս քվոն, բացառել տարածքային որևէ զիջումները և խաղաղապահների մուտք Արցախ կամ հարակից տարածքներ: Այս պահանջի կատարումը մշտապես վերահսկվելու է մեր կողմից:
Ակցիային մասնակցում է նաև «Նոր Հայաստանի» անդամ Կարո Եղնուկյանը: