13/05/2016 17:28
Պետք է մոլախոտերից ազատել ոչ միայն ռազմական, այլևս պետական ամբողջ ապարատը. Շիրինյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի և պետական ծախսերը կրճատման մասին սթափության կոչ էր և պետք է քաղաքական դիրքորոշում ունենա, Aysor.am-ի թղթակցին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Պատերազմը մերկացնող երևույթ է: Վերջին քառօրյա գործողությունները մերկացրեցին բոլորին, և ջրի երես շատ բան դուրս եկավ: Այդ օրերին բոլորի համար պարզ դարձավ, որ հայրենիքի կորուստը նաև իրենց էթնիկական ոչնչացումն է», - ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով, Հայաստանի պետական ապարատն ամբողջությամբ արդիականացման կարիք ունի:
«Կոռուպցիայի դեմ պայքարն ու համանման փոփոխությունները ոչ միայն անվտանգության խնդիր են լուծելու, այլև հետամնացության: Պարզ է, որ պետական այս կառույցով, մեր ունեցած ռեսուրսներով, առանց արդիականության, մի պետության ներսում, որտեղ հասարակության հետ արյունակցական կապով իշխանություն է հիմնվել, ոչ մի լավ բան չի սպասվում: Մեզ մոտ ընդունված է՝ մեկի հարսը մյուսի մոտ է աշխատում, մեկի խնամին մյուսին է հովանավոորում: Սա չի կարող մեզ համար ճանապարհ հարթել», - ասաց Շիրինյանը:
Նա նշեց նաև, որ իշխանությունը վերջապես հասկացավ, որ այս ամենից լավ հոտ չի գալիս:
«Հայ-թուրքական հակամարտությունը դարերի խորքից եկող էթնիկական հակամարտություն է, որը հարուստ կամ աղքատ չի ճանաչում: Նրանք հասկացան, որ եթե Ստեփանակերտը վերցնեն, շարժվելու են Գորիս, իսկ մեզ ոչ ոք չէր փրկի, անգամ՝ ռուսը: Նրանք վերջապես հասկացան, որ պետք է ժողովրդի ու զինվորի կողքին լինեն», - ավելացրեց քաղաքագետը:
Ըստ Շիրինյանի, սակայն, կոռուպցիայի դեմ պետք է պայքարել համակարգային ձևով:
«Պետք է մոլախոտերից ազատել ոչ միայն ռազմական, այլևս պետական ամբողջ ապարատը, որպեսզի բացթողումներ այլևս չլինեն: Հետո ինչ, որ փայլուն հաղթանակ տարանք, բայց պետք է այսօր ժողովուրդն ու զինվորը զգա, որ պետությունն իր կողքին կանգնած է: Այսօր էլ պատերազմի վտանգը կա ու դեռ չի անցել», - ընդգծեց նա:
Հարցին, հավատո՞ւմ է արդյոք, որ այդպիսի փոփոխություններ կլինեն, քաղաքագետը նշեց, որ ժամանակը ցույց կտա:
«Այստեղ գրեթե բոլորը ճանաչում են իրար, կապրենք ու կտեսնենք: Հավատի վրա ոչինչ հիմնված չկա: Կանեն, կտենսենք ու կհավատանք», - ընդգծեց Շիրինյանը: